26.11.2024
Ադրբեջանից փախած լրագրողը քաղաքական ապաստան է ստացել Շվեյցարիայում
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Բանակցություններ չեն ընթանում Ադրբեջանի պատճառով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում Ադրբեջանի պատճառով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:


Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե ղարաբաղյան  հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունները կասեցվել են Հայաստանի պատճառով, Նալբանդյանը նշեց, որ  բանակցային գործընթացը Ադրբեջանի պատճառով հետ մղվեց և հենց այդ պատճառով է, որ Հայաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները շարունակում են համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված քայերը, որպեսզի հնարավոր լինի առաջընթաց արձանագրել:


«Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովները և դրանցում ձեռք բերված պայմանավորվածությունները հենց դրան էին ուղղված: Միջազգային հանրությունը, ՄԽ եռանախագահները, Հայաստանը խոսում են մեկ լեզվով, իսկ Ադրբեջանը՝ այլ: Հենց Ադրբեջանն է հրաժարվում կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռքբերվեցին Վիեննայում, ապա նաև Սանկտ Պետերբուրգում»,- հիշեցրեց ԱԳ նախարարը, ով վստահ է` բանակցություններին այլընտրանք չկա:


Էդվարդ Նալբանդյանը նաև տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 27-ին կայցելեն Հայաստան, այնուհետև Արցախ.


«Պետք է փորձենք գործընթացը շարժել առաջ, բայց պետք է բացառվեն իրադարձությունները, ինչպիսին տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին: Բանակցային գործընթացի համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն»,- հավելեց նա: