Իրանի գերագույն առաջնորդն ընտրությունների նախաշեմին «մեղադրել» է Ռոհանիին
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Համենեին քննադատության է ենթարկել երկրի տնտեսական աճի տեմպերը։ New York Times–ի գնահատականներով, այդ «մեղադրանքն» ուղղված էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Համենեին հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ իրենք լսում են մարդկանց դժգոհությունը`մարդիկ պետք է տեսնեն իրենց կյանքի բարելավում, աշխատատեղերի ու արտադրության աճ, սակայն դա չկա։
Փորձագետներն Իրանում նախագահական ընտրությունների նախաշեմին ընդգծում են Ռոհանիի ու Համենեի միջև առաջացած տարաձայնությունների մասին։
Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է այս տարվա մայիսի 19–ին անցկանցել նախագահական ընտրություններ։ Գործող նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել երկրի ռեֆորմիստների քաղաքական թևից։
Պահպանողականների շրջանում դեռևս անորոշություն է տիրում, թե թեկնածուների առումով, թե ներքին միասնականության։ Իրանի ընտրություններում իր քաղաքական ազդեցությունն օգտագործելու ամենամեծ հնարավորություններն ունի Իսլամական հեղափոխության պահապանների գունդը ու նրան ենթարկվող կառույցները, որոնք մեծ ազդեցություն ունեն Իրանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի վրա։
Ռոհանիի վրա Իսլամական գունդը ժամանակին ճնշումներ է գործադրել և տարբեր հարցերում զիջումներ է կորզել, և այժմ էլ նրանք դժգոհ են ռեֆորմիստների թևը ներկայացնող նախագահից, փոխանցում է politcom.ru կայքը։
Միեւնույն ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամենամեծ շանսերն ունի հաղթելու 2017թ–ի նախագահական ընտրություններում։ Այդ մասին հայտարարել է Թեհրանի համալսարանից պրոֆեսոր Սադեկ Զաբաքելեմը։
Նա նշել է, որ Ռոհանիի ընտրազանգվածը մի փոքր նվազել է, սակայն նա մեծ շանսեր ունի ընտրվելու հաջորդ ընտրություններում։ Ըստ նրա, 2013թ-ին նա ստացել է 18 միլիոն ձայն։ Պրոֆեսորը Ռոհանիի վարկանիշի անկման պատճառ է բերել տնտեսական վատ ցուցանիշները`հասարակությունը հիասթափվել է, որ կառավարության գործունեությունը չի ազդել իրենց առօրյա կյանքի մակարդակի վրա։