VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ Մատենադարանում իշխանական զույգը «Կրթությունը նորաձեւ է» շարժման հերթական շոուն էր անում, որին մասնակցում էր նաեւ «Հրապարակի» լրագրող Սյուզան Սիմոնյանը: Ճիշտ է` բոլորի հեռախոսները եւ անգամ ժամացույցները հավաքել էին, սակայն մեր լրագրողը նշումներ է արել եւ 2 արտառոց միտք արձանագրել: Փաշինյանն ասել է. «Ինչպես աղքատությունն է մեր գլխում, այնպես էլ անվտանգությունն է մեր գլխում», «Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած մի քանի օր առաջ «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կապահովի Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելու համար պակասող ձայները, սակայն չի շտապում հայտարարել ավագանու մանդատից հրաժարվելու մասին: Հիշենք, որ նա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է եւ չի կարող ավագանու մանդատը համատեղել։ Որ Գրիգորյանի թիմն ու գերդաստանը չեն համակերպվում նրա որոշման հետ, հայտնի փաստ է: Իսկ դաշինքի մաս կազմող կուսակցության` «Միացյալ Հայաստանի» նախագահ Երվանդ Թարվերդյանի օրերս արած հայտարարությունը կասկածներ է ծնել, թե գուցե Մարտունի թիմը սպասում է քաղաքական ինչ-ինչ զարգացումների, որ քաղաքապետ ընտրվի ոչ թե Ղուկասյանը, այլ՝ Մարտուն Գրիգորյանը։
Թարվերդյանը, հիշեցնենք, օրերս Հ1-ի եթերում ասել էր, որ ընդդիմադիրները բոլորն էլ թեկնածու կարող են առաջադրել, ՔՊ-ն էլ պետք է մասնակցի նիստին, ով շատ ձայն հավաքի, նա էլ թող ընտրվի։ Այս հայտարարությունն ընկալվել է որպես ակնարկ, որ ՔՊ-ի աջակցությամբ Մարտուն Գրիգորյանն ուզում է քաղաքապետ դառնալ: Մենք տեղեկություն ունենք, որ հետընտրական փուլում ՔՊ-ն առաջարկել է Մարտուն Գրիգորյանին` իրենց հետ կոալիցիա կազմել եւ դառնալ Գյումրու քաղաքապետ, սակայն մեզ ասացին, որ «Մեր քաղաքը» ոչ միայն ՔՊ-ի հետ ճանապարհ չունի գնալու, այլեւ իրենք լավ հիշում են, թե ինչ կատարվեց Բալասանյան դաշինքի հետ, երբ ՔՊ-ի հետ համագործակցության գնացին, ուստի Գրիգորյանի թիմը չի պատրաստվում համագործակցել իշխանության հետ։ Երեկ Մարտուն Գրիգորյանը նաեւ գրառում արեց․ «Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ եւ ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու «Մեր քաղաքը» դաշինքի հետ»։ Սակայն չի բացառվում, որ եթե Վարդան Ղուկասյանին մինչեւ առաջին նիստը կալանավորեն, իրավիճակ փոխվի, եւ Գրիգորյանը դառնա քաղաքապետի անցողիկ թեկնածուն։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած Գյումրիում կրած պարտությանը, ՔՊ-ում արված վերլուծությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ վատ արդյունք չեն տվել՝ նախորդ ընտրությունների համեմատ մոտ 10 հազար ավել ձայն են հավաքել: Սակայն ինքնամխիթարանքով զբաղված ՔՊ-ականները մոռանում են, որ 2021-ի ու 2025-ի ընտրությունների միջեւ էական տարբերություն կա, եւ ամեն տարի ՔՊ-ի վարկանիշն էականորեն նվազում է, դժգոհությունները` աճում։ Գյումրիում ստացած 36 տոկոսն էլ ոչ այնքան ՔՊ-ի, որքան իրենց թեկնածու Սարիկ Մինասյանի ձայներն են, եւ եթե ՔՊ հին կազմից որեւէ մեկն առաջադրվեր, դա էլ չէին ստանա։ Սա թերեւս հասկանում են նաեւ ՔՊ վերնախավում, ուստի որոշել են պաշտոնից զրկված, իր կենսագրությունը ՔՊ-ի հետ կապած Սարիկ Մինասյանին անգործ չթողնել եւ նրան մի լուրջ պաշտոն տալ: Խոսվում է այն մասին, որ նրան հնարավոր է նշանակեն մարզպետի պաշտոնում: Սա արվում է նաեւ այն հույսով, որ առաջիկա համապետական ընտրություններին ընդառաջ այդ նշանակումը ՔՊ-ի օգտին կաշխատի, եւ կկարողանան ոչ միայն Գյումրիում, այլեւ Շիրակի մարզում ձայներ հավաքել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 8 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռ քննում է Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպի գործը: Հետաքրքիր է ինչ են փորձում պարզել իրավապահները, որ մինչ օրս չեն բացահայտել, որ մինչ այս պարզ չէ։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը օգոստոսի 26-ին միջադեպի կիզակետում էր հայտնվել։ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Hayat Project-ի համերգի ժամանակ ներկա է եղել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ինչպես նաեւ «օրենքով գողի» զարմիկը, որի հետ վիճաբանության մեջ են մտել այն բանի համար, որ նա պատվիրել է երգ՝ «Вот такая доля воровская»-ն, ու մարզպետը ընդդիմացել էր՝ ասելով. «Ես այստեղ, դու ինչ-որ գողական ե՞րգ ես պատվիրում»։
Եվ ահա, իրավապահները մարզպետից հետաքրքրվել են, թե ինչ ծեծկռտուք է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ մարզպետ Մովսիսյանը երդումներ է տվել, թե ընդամենը լեզվակռիվ է եղել, ծեծկռտուք չի եղել, թող հարթվի, անցնի ամեն բան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ միջադեպի գործով 30-ից ավելի անձանց են տարել հարցաքննությունների՝ միջադեպի մանրամասները պարզելու համար: ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ գործով քրեական վարույթը շարունակվում է: Հատկանշականն այն է, որ իրավապահները «օրենքով գողի» զարմիկին շտապ բերման ենթարկեցին, իսկ ահա ՔՊ-ի «սրտի» պաշտոնյան՝ ի դեմս Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մինչ օրս անպատիժ է»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 7-ից համացանցում մեծ ֆուրոր է առաջացրել Ջենիֆեր Լոպեսի՝ «ՋեյԼո»-ի կայանալիք մենահամերգը Երեւանում։ Հանգամանքը, որ հանրային մեծ ճանաչում ունեցող ամերիկացի երգչուհին մենահամերգ է տալու ՀՀ-ում, հիանալի է, սակայն ինչքանով է փաստ, որ երգչուհին կգա Հայաստան, պարզ չէ, քանի որ նմանօրինակ դեպքի մեկ անգամ բախվել է Հայաստանի Հանրապետությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանում պետք է ելույթ ունենար մեկ այլ արտիստ՝ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը, որի համերգն ի սկզբանե նախատեսված է եղել 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, որը հետաձգվեց, այնուհետեւ չեղարկվեց։ Սնուփ Դոգի պարագայում հայտնի էր, թե որ ընկերությունն է կազմակերպել ռեփերի համերգը Երեւանում, սակայն «ՋեյԼո»-ի դեպքում ամեն բան մշուշոտ է, եւ մինչ այս պահը պարզ չէ, թե ով է կազմակերպել երգչուհու համերգը։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ Կառավարության, Երեւանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե ունեն այդ կառույցները որեւէ կապ «ՋեյԼո»-ի՝ Երեւանում կայանալիք համերգի հետ, թե ոչ. սակայն նշված բոլոր կառույցներից ստացանք ժխտողական պատասխան։ Նշենք, որ երգչուհու համերգը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում օգոստոսի 3-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը նույն հարցով կապ է հաստատել նաեւ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի ներկայացուցիչների հետ։ Մարզադաշտից փոխանցեցին, որ իրենք ոչնչից տեղյակ չեն։ Թե ո՞ւմ հովանավորությամբ, ջանքերով եւ/կամ հորդորով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան, պարզ չէ. մնում է միայն սպասել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնուփ Դոգի ձախողված համերգային ծրագիրը, որն այդպես էլ չի կայանա, դարձել է պատուհաս ԿԳՄՍՆ-ի եւ Կառավարության գլխին։ Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) հայաստանյան մենահամերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն այն հետաձգվեց։ Բազմաթիվ հայ երկրպագուներ սրտատրոփ սպասում էին այդ իրադարձությանը, անգամ շատերն էլ հասցրել էին գնել համերգի տոմսերը։ 2023 թվականի սեպտեմբերի 23-ից հետո «Դոփինգ Սփեյս» ընկերությունն այդպես էլ չհայտնեց, թե երբ տեղի կունենա ռեփերի համերգը Հայաստանում։
ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել էր 2 մլրդ 318 մլն 596 հազար 800 դրամ գումարի պայմանագիր, ինչն էլ հավասար է 6 միլիոն դոլարի։ Այդ գումարը նույն տարվա օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել էր։ Վճարումից մոտ 1 տարի անց հայտնի դարձավ, որ ռեփերը այդպես էլ չի գա Հայաստան։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ պետությունը ոչ մի կերպ չի կարողանում վերադարձնել վատնված գումարները։ Ռեփերը, ասես գումարներով հանդերձ, անհետացել է։ Կառավարությունն աննպատակ ծախսել է 2 մլրդ դրամ, սակայն արցախահայերի կացության «40+10» աջակցության ծրագիրը կրճատում է անհիմն եւ չպատճառաբանված պատրվակներով։ Ստացվում է, որ Սնուփ Դոգը «գցել է» Կառավարությանն ու անհետացել, իսկ ՀՀ Կառավարությունն էլ փորձում է գումարները հավաքել՝ առանց դրանք ծախսելու»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով արդեն 5 լրագրող տուժող են ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ օրերս սկսել են Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Տուժած լրագրողները թիվն այս պահին 5-ն է:
Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը, որոնք ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը կոնկրետ անուններ է տվել, թե ում ներկայությամբ են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտել, եւ ով է կանգնած վերահսկել իրավիճակը: Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք հայտնում, սակայն հետեւում ենք Կոմիտեի քննության ընթացքին՝ սպասելով պատասխանատու պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու գործընթացին:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել 2024թ. հունիսի 12-ի դեպքի առիթով եւ հրապարակել էր «Պատգամավորները քաշքշում են միմյանց, ընդմիջման ժամանակ. կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ: Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին, ձեռքերից քաշելով, դուրս հանում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որեւէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը:
Հիշեցնենք նաեւ, որ դեռ անցած տարի գրել էինք՝ ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները այդ պահին գտնվել են օթյակում եւ արձանագրել, որ ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը անձամբ տվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը եւ անձամբ օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից»»։
«Հրապարակ» օրաթերթը գրում. «Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանն ապրիլի 12-ին լինելու է Սյունիքում՝ Մեղրիում: Իբրեւ բանախոսի, նա հրավիրել է ամուսնուն՝ Փաշինյանին, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում, շոշափում մարդկանց տրամադրությունները։ Այցից 4 օր առաջ Մեղրիում նախապատրաստական աշխատանքներ են սկսվել: Մեզ ասացին, որ վարչապետի անվտանգությունն արդեն դեսանտ է իջել։ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին հարցրինք՝ ինքն է՞լ է մասնակցելու կրթարշավին:
Հիշեցնենք․ Անդրեասյանը Սամվել Բաբայանի կուսակցությունով է առաջադրվել, պարզվեց՝ արդեն ՔՊ-ական է դարձել։ Ի դեպ, զրույցի սկզբում չէր խոստովանում, որ Փաշինյանն ու կինը Մեղրի են այցելելու, երբ ասացինք, որ արդեն հայտարարվել է, ասաց, որ հանդիպումը լինելու է Մեղրիի մարզամշակութային կենտրոնում․ «Ինձ չեն ասել, բայց եթե լինի, անպայման մասնակցելու եմ»: Փաստորեն, ուզում եք կրթվել ։«Այո, անպայման»: Դուք է՞լ եք նոր հայտնաբերել, որ կրթվելը նորաձեւ է։ «Ավելորդ հարցեր ես տալիս, քեզ հետաքրքիր էր՝ 2 հարց տվիր, էլ մի շարունակի»: Կրթությունը կարեւորող մարդը բա այդ տոնով կխոսի՞, կրթություն ունե՞ք։ «Շատ»: Որքա՞ն։ «Նորմալ է, ի՞նչ վատ բան կա, թող բոլորն էլ գնան կրթվեն»: Շա՞տ մարդ է ցանկություն հայտնել մասնակցելու։ «Չգիտեմ, մարդիկ գրանցվում են, մեր մոտ չեն գրանցվում, որ ես իմանամ՝ ով ա գնալու, ով` չէ»: Իսկ Դուք գրանցվե՞լ եք։ «Ի՞նչ կապ ունի էդ, իմ գնալը կապ ունի՞ մնացածի հետ… Ինձ պետք չի գրանցվել, որպես համայնքապետ՝ ես մտնելու եմ, ես իմ տունս, իմ օջախս մտնելու համար գրանցվելու պետք չունեմ»: Բայց հնարավոր է չթողնեն` Դուք ՔՊ-ից չեք։ «Ո՞վ ասավ՝ ՔՊ-ից չեմ, կակռազ՝ ՔՊ-ից եմ»: Սամվել Բաբայանի Ազատական կուսակցության ցուցակո՞վ չէիք առաջադրվել։ «Հա, ի՞նչ կապ ունի, որ իրա կուսակցությունով եմ գնացել, ուրեմն ազատակա՞ն եմ, ես ՔՊ-ական եմ»: