«ԱՄՆ նախագահը օգնում էր Ադրբեջանում կառուցել մի հյուրանոց, որի ետեւում կարող է թաքնված լինել կոռուպցիոն սխեմա, որի հեղինակները Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի հետ կապեր ունեցող օլիգարխներն են»,- The New Yorker-ում իր հոդվածում գրում է լրագրող Ադամ Դեվիդսոնը։ «Հինգ աստղանի հյուրանոցը եւվ Trump International Hotel & Tower Baku բնակելի համալիրն այդպես էլ չեն բացվել, չնայած արտաքուստ թվում է, թե պատրաստ են ընդունել հաճախորդներին», պատմում է Դեվիդսոնը։
«Ադրբեջանցիները, որոնք կանգնած են այդ նախագծի ետեւում, եղել են Զիա Մամեդովի՝ տրանսպորտի նախարարի ու երկրի ամենահարուստ ու ամենաազդեցիկ օլիգարխներից մեկի ազգականները։ Գործարքի կնքման պահին Մամեդովը, լինելով կադրային չինովնիկ, ստանում էր 12 հազար դոլար աշխատավարձ, բայց միլիարդատեր էր»,- ասվում է հոդվածում։
Ըստ հոդվածագրի, սկզբում Trump Tower Baku –ի շինարարության նախահաշիվը կազմել էր 195 մլն դոլար, բայց այն բազմիցս վերանայվել է ու ծախսերն ավելացել են։
Թրամփը «այդ նախագծի մեջ ոչ մի գումար չէր ներդրել, նա ընդամենը վաճառել էր իր անունն օգտագործելու իրավունքը ու պայմանագիր կնքել հյուրանոցի կառավարման համար»,- գրում է հեղինակը։
Երբ Թրամփը նախագահ ընտրվեց, մեկ ամիս անց հայտնի դարձավ, որ Trump Organization –ը խզել է իր կապերը հյուրանոցի նախագծի հետ։
«Մամեդովների հետ Trump Organization –ի երկարատեւ կապերը իրավական տեսակետից նշանակություն ունեն։ Եթե կողմերը, որոնք մասնակցություն են ունեցել Trump Tower Baku նախագծին, մասնակցել են որեւէ ապօրինի գործողությունների, ու եթե Trump Organization –ը ինչ-որ չափով նախագիծն իր վերահսկողության տակ է պահել, այդ ընկերությունը հնարավոր է նույնպես պաշտպանված չլինի քրեական հետապնդումից։
Մինչեւ գործարք կնքելը ամերիկյան ընկերությունները գնահատում են ռիսկերը, նաեւ ուսումնասիրում այդ նախագծում ներառված մարդկանց ու տվյալ երկիրը։ «Մամեդովների ընտանիքը , կոռուպցիոներների համբավից բացի, նաեւ մտահոգող կապեր ունի՝ նրանք երկար տարիներ ֆինանսական հարցերով կապակցված են եղել մի իրանական ընտանիքի հետ, որը կապ ունի Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի հետ։ Իսկ Թրամփի վարչակազմը վերջերս հայտնել էր, որ մտադիր է այդ կազմակերպությանը դատապարտել որպես ահաբեկչական կազմակերպություն, ասվում է հոդվածում։
«Դեռ որեւէ ապացույց չկա այն մասին, որ Դոնալդ Թրամփը կամ Բաքվի գործարքի հետ առնչություն ունեցած նրա աշխատակիցներից որեւէ մեկը մասնակցություն են ունեցել կաշառակերությանը, փողերի լվացման ու այլ ապօրինի գործողությունների։ Բայց հնարավոր է, որ Մամեդովների ընտանիքի հետ համագործակցությամբ Trump Organization –ը խախտել է օրենքը։ Օտարերկրյա կոռումպացված պրակտիկաների մասին 1977-ին ընդունված օրենքը ամերիկյան ընկերություններին արգելում է մասնակցել այնպիսի սխեմաների, որոնցով նպատակ է դրվում պարգեւատրել օտարերկրյա կառավարական չինովնիկներին՝ դրա դիմաց ստանալով նյութական շահ կամ արտոնյալ ռեժիմ։ Ըստ օրենքի՝ ամերիկյան ընկերությունը հանցագործություն է գործում, նույնիսկ եթե ինքն էլ այդ մասին չիմանալով, օգուտ է քաղում գործընկերոջ կոռուպցիայից, եթե ընկերությունը կարող էր բացահայտել ապօրինի գործունեության փաստը, բայց նախընտրել է չանել դա»։