Մհեր Շիրինյանն ազատվել է ՊՆ-ում բարձր պաշտոնից
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Մհեր Շիրինյանն ազատվել է Պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնից:
Հիշեցնենք, Շիրինյանն անցնում է հայտնի քրեական գործերից մեկով: Մասնավորապես, մեղադրական եզրակացության մեջ նշվում է.
"Կամո Քոչունցը, ընդգրկված լինելով ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կազմում որպես հանձնաժողովի անդամ, խմբային շահերից ելնելով՝ նույն հանձնաժողովի կազմում ընդգրկված ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանի, ԶՈւ ԳՇ վարչական ապարատի ղեկավար Արիս Բրուտյանի, ՊՆ ԶՍՊ վարչության պետ Սերժ Առուշանյանի, իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանի, կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանի, ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի և ԶՈւ ԳՇ կադրերի վարչության պետ Ստեփան Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018թ. հունվարին ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանների բաշխման գործընթացում իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ"։