Մարտի 27-ին կայացած նիստում Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին:
Այս փոփոխությունների նպատակն է կարգավորել և հստակեցնել ներհամայնքային ուղևորափոխադրումների հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանել վարչական պատասխանատվություն տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվող անձանց համար:
Համաձայն հիմնավորման, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով արդեն սահմանված են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները և պայմանները: Գործող դրույթների համաձայն, ներհամայնքային ուղևորափոխադրումները կարող են կազմակերպվել 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից, որի դեպքում փոխադրավարձի արժեքը սահմանում է համայնքի ավագանին:
Օրենքի ներկա ձևակերպումներից բխում է, որ փոխադրավարձը սահմանվում է որպես ծառայության արժեք, այլ ոչ թե տեղական վճար: Սակայն, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի կարգավորումների համաձայն, համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող տեղական վճարներ:
Առաջարկվում է ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար վճարները նույնպես սահմանել որպես տեղական վճար, եթե ծառայությունը մատուցվում է «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից:
Հաշվի առնելով, որ Երևանում այս ծառայությունները մատուցվում են տարբեր տրանսպորտային միջոցներով (ավտոբուսներ, տրոլեյբուսներ, մետրոպոլիտեն), առաջարկվում է համայնքի ավագանուն հնարավորություն տալ սահմանելու միասնական տեղական վճար: Սա քաղաքացիներին թույլ կտա մեկ անգամ վճարելով օգտվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից իրենց հայեցողությամբ, ինչը կդարձնի տեղաշարժը ավելի հարմարավետ և արագ:
Օրինագծերի փաթեթով նաև առաջարկվում է սահմանել վարչական տուգանք առանց տեղական վճարի վճարման ծառայությունից օգտվող անձանց համար, սահմանվում են վարչարարության իրականացման առանձնահատկությունները, ինչպես նաև առաջարկվում է ներդնել այդպիսի խախտումների կանխարգելման և բացահայտման արդյունավետ մեխանիզմներ:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ճանաչվել է որպես անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Բացի այդ, հավանության է արժանացել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որն ուղղված է ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման ապահովմանը և ծխախոտային արտադրանքի շրջանառության ոլորտում կրկնվող իրավախախտումների կանխարգելմանը: