14.03.2025
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
prev Նախորդ նորություն

Միանշանակ կցանկանամ, որ ՀՀ և Թուրքիայի միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ

Եթե ցանկությունների ժանրից խոսենք, միանշանակ կցանկանամ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանը բաց լինի երկաթուղային, ավտոտրանսպորտային հաղորդակցությունների համար, գործարար կապերը լինեն ուղիղ, ես նկատի ունեմ սահմանահատումների և տրանսպորտային կապերի առումով, որովհետև այսօր էլ Հայաստանի և Թուրքիայի միջև բավականին լայն առևտրաշրջանառություն կա, գործարար կապեր կան, բայց ըստ էության, դա տեղի է ունենում ոչ ուղղակի ձևով: Այս մասին թուրք լրագրողի հարցին ի պատասխան, թե այս պահին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ի՞նչ կետի ենք հասել, հստակ որտե՞ղ ենք գտնվում պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


"Եվ իհարկե, այս խոսակցությունը, որ սկսվել է Հայաստանի և Թուրքիայի միջև, շատ կարևոր է և ինձ հաճախ են հարցնում, թե ինչ արդյունքներ կան Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Իհարկե, որպես կանոն մենք ասում ենք, որ մեր հատուկ ներկայացուցիչների ձևաչափով տեղի ունեցած հանդիպումներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, ցամաքային սահմանի մասին է խոսքը, կբացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար, և իհարկե, մենք սպասում ենք այդ պայմանավորվածության իրագործմանը: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ 2022 թվականի ամռանը, բայց, քանի որ այս պայմանավորվածությունն իրականացված չէ, շատերը մեկնաբանում են, որ արդյունքներ չկան Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:


Ես, անկեղծ ասած, պիտի չհամաձայնվեմ դրա հետ, որովհետև Հայաստանի և Թուրքիայի մեջ այսօր կա շատ ուղիղ երկխոսություն, շատ ուղիղ խոսակցություն, և եթե հաշվի առնենք մեր հարաբերությունների նախընթաց շրջանը, սա շատ էական փոփոխություն է։ Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ։ Եվ նորից եմ ասում, կողքի հայացքի համար սա գուցե թե այդքան կոնկրետ արդյունք չէ, բայց իմ և պետական կառավարման համակարգերում գտնվող մարդկանց համար սա կոնկրետ արդյունք է, որովհետև մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետներն իրարից ճշտելու հնարավորությունից, հասկանու՞մ եք, մենք, որպես կանոն, երրորդ երկրների միջոցով ենք իմացել, իսկ ի՞նչ են մտածում Անկարայում։ Անկարան, ըստ էության, երրորդ երկրների միջոցով է իմացել, թե ինչ են մտածում Երևանում։


Հիմա նույնիսկ այդպիսի իրադրություններ կան և բառիս բուն իմաստով մեր տարբեր ներկայացուցիչներ կարող են ուղղակի զանգել և հարցնել, իսկ դուք այս հարցի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք, և սա էական փոփոխություն է, որը շատ կարևոր է, և ես համոզված եմ, որ դա բերելու է արդյունքներ։ Եվ մենք նաև փոխադարձաբար ավելի լավ ենք հասկանում, իսկ որո՞նք են կողմերի ունեցած բարդությունները, խնդիրները, ո՞ր հարցերն են, որ կարիք ունեն լրացուցիչ պարզաբանման, ո՞ր հարցերն են, որտեղ դիտանկյունները, տեսակետները տարբեր են, և պիտի ուղիղ ասեմ, որ ես սա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում",- ասաց նա:


Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում արդեն մի քանի հանդիպում են ունեցել նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ են ունեցել, Արտաքին գործերի նախարարներն են շփվել և շարունակում են շփվել,  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը շփվել է իր գործընկերոջ հետ, նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է շփում ունեցել, հատուկ ներկայացուցիչները, որոնք կապի մեջ են իրար հետ: Ասաց, որ արդեն ունեն համագործակցության կոնկրետ օրինակներ, վերջերս Թուրքիայում հետախուզման մեջ գտնվող կամ արդարադատության համակարգի կողմից մեղադրվող երկու անձանց մենք փոխանցեցինք Թուրքիային:


"Սրանք կարող են մեծ ձեռքբերումներ չթվալ, բայց եթե գույքագրենք նախորդող շրջանում ինչ ենք ունեցել, իհարկե սա շատ էական ձեռքբերում: Սակայն շատ կարևոր է արձանագրել, որ սա դինամիկ պրոցես է և իհարկե, պետք է ջանքեր գործադրել, որ այս դինամիկան կանգ չառնի և շարունակվի: Սա էլ իր հերթին կախված է, այդ թվում՝ երկու երկրների առաջնորդների և Կառավարությունների քաղաքական կամքից, և ես տեսնում եմ քաղաքական կամք, այլ բան, որ այդ քաղաքական կամքը նույնպես փոխադարձաբար պետք է զարգանա։


Պիտի նաև ընդգծեմ, իհարկե, դա էլ ինչ-որ առումով հիշարժան իրադարձություն է, որ նախագահ Էրդողանն ընտրվելու կապակցությամբ ինձ հրավիրեց մասնակցել երդմնակալության արարողությանը և ես որոշում կայացրի մեկնել Անկարա: Դա նաև բացի այն, որ զուտ արարողակարգային կարևոր միջոցառում էր և կարևոր ազդակ, նաև հնարավորություն էր Թուրքիայի քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ շփվել: Դա նույնպես շատ կարևոր իրադարձություն էր երկկողմ հարաբերությունների համար։ Տեսեք, ես գործնականում արդեն մոտավորապես 5-7 րոպե թվարկում եմ, թե ինչ կա մեր հարաբերություններում։ Դա նշանակում է, որ կա թվարկելու բան առնվազն, եթե 7 տարի առաջ հարցնեիք ինձ, ես դժվար թե թվարկելու բան ունենայի",- հավելեց Փաշինյանը։

Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել. Փաշինյանը՝ թուրք ԶԼՄ-ներին
Հաջորդ նորություն next