Կարծում եմ՝ ցանկացած երկիր պետք է ինքն իր պատմության հետ առնչվի, դա ակնհայտ է և չեմ կարծում, թե այդ առումով ես կամ Հայաստանի Հանրապետությունն օրիգինալ ենք: Մենք միշտ էլ մեր պատմության հետ առնչվում ենք, բայց կարևոր է արձանագրել թե որտեղ, ինչպես և ինչ նպատակով օգտագործել այն գիտելիքը, որ մեզ տալիս է պատմությունը։ Եվ կարևոր է նաև տեսնել այն ուղերձները, ընկալել այն ուղերձները, որ մեզ տալիս է պատմությունը: Այս մասին թուրք լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Գիտեք, այդպիսի մի արտահայտություն կա, որ պատմությունից պետք է դասեր քաղել, բայց պատմության ոչ մի էջում գրված չէ այն դասը, այսինքն՝ ոչ մի պատմություն չի ասում, որ այս եղավ, այս եղավ, այս եղավ, այս եղավ, հիմա ուշադրություն՝ դասը հետևյալն է, հետևությունը հետևյալն է, այսինքն՝ պատմության մեջ այդ հետևությունը չկա և քաղաքական ընտրության ու քաղաքական ընկալման հարց է ինչ դաս քաղել և ինչպես ընկալել պատմությունը, ինչպես օգտվել պատմությունից։ Սա շատ կարևոր է։ Օգտվել պատմությունից՝ որպես գիտելիքի աղբյուր, որպես այսօրվա և ապագայի մասին իմացության աղբյուր, որպես այս օրը և ապագան կառուցելու նախագծի համար գիտելիքի և ինֆորմացիայի աղբյուր, թե՞ այնուամենայնիվ, ապրել պատմությունը։
Սրանք քաղաքական ընտրության հարցեր են, որովհետև գիտեք, երբ ցանկացած միջավայրում խոսենք պատմության և պատմությունից քաղվող դասերի մասին, միշտ վեճ կլինի, որովհետև յուրաքանչյուրը պատմությունը կընկալի իր քաղաքական տեսանկյունից: Ես նկատի ունեմ հանրության ներսում, նույնիսկ նույն հանրության ներսում: Եվ, իմիջիայլոց, ասեմ Ձեզ, որ պատմությունն ինքը թերևս ամենաքաղաքական գիտություններից է կամ ամենաքաղաքական դիսցիպլիններից է, և հետևաբար, պատմության ընկալումն էլ ինչ-որ առումով քաղաքական ընկալման հարց է",- ասաց նա:
Եվ ո՞րն է այն խոսակցության իմաստը և ընկալումը կամ պատճառը, որ ինքը պատմության մասին հաճախ է խոսում.
"Իմ հիմնական ուղերձը հետևյալն է և Հայաստանում, և Սփյուռքի մեր հայրենակիցների հետ խոսելիս, որ պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել, և չի կարելի պատմությունը և այս օրն ընկալել նույն կերպ, որովհետև այս օրը այս օր է, պատմությունը՝ պատմություն: Չի կարելի ապագայի և պատմության մեջ սահմաններ չունենալ, որովհետև իմ ընկալմամբ, ապագան ոչ թե պատմության հայելային արտահայտություն պետք է լինի, այլ ապագան հնարավորություն է՝ ուղղել պատմության մեջ կամ ավելի լավը դարձնել պատմության այն էջերը, որոնք ուզում ենք ավելի լավը դարձնել։ Բայց սա էլ քաղաքական ընտրության հարց է:
Ես ուզում եմ, որ մենք այս նրբությունը ճիշտ ընկալենք, պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, պատմությունը, պատմության որևէ ընկալումը քաղաքական ընկալում է: Սա վերաբերվում է ընդհանրապես, բայց կան քաղաքական ուժեր, որոնք հենց քաղաքական ընտրությամբ ունեն իրենց ճանաչած բացարձակ ճշմարտությունները պատմության մասին։ Կան հանրություններ, կան պետություններ, որոնք ունեն իրենց բացարձակ ճշմարտությունները պատմության մասին: Եվ սա էլ անժխտելի է:
Եվ հետևաբար, իմ ընկալումն այն է, որ պատմության մեր դասերը մենք պետք է ծառայեցնենք այսօրվա մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պետության շահերին, պետական շահերին և ապագայի շահերին։ Եվ իմիջիայլոց, ես Ձեզ ասեմ, որ իմ ընկալմամբ, այս խոսակցությունը հասունացած է և Հայաստանում, և Սփյուռքում, բայց նորից եմ ուզում ընդգծել, խոսքը պատմությունը փոխելու կամ պատմությունը հերքելու մասին չէ։ Խոսքը պատմության մեր կիրառական ընկալումը փոխելու մասին է։ Թե ինչի՞ համար, որպես ի՞նչ ռեսուրս պետք է օգտագործվի պատմությունը, ի՞նչ գիտելիք պետք է ձեռք բերվի պատմությունից, որը հեշտ հարց չէ, բայց ես համոզված եմ, որ դա անհրաժեշտ է։
Դա անհրաժեշտ է, և իմ շփումները ցույց են տալիս, որ այս խոսակցությունը հասունացած է, բայց կարևոր է նաև, որ այս խոսակցությունը հասունանա ոչ միայն ներհայաստանյան կամ հայերի միջավայրում, այլև տարածաշրջանային առումով, որովհետև դա էլ է հարց։ Պատմությունը ինչի՞ համար ենք օգտագործում, որ պատմական կոնֆրոնտացիաները դառնան հավիտենակա՞ն, թե՞ պատմական կոնֆրոնտացիաները մեզ համար ուղերձ են՝ խաղաղ, համագործակցված, տարածաշրջանային իմաստով կայուն ապագա կառուցելու համար։ Ես այս երկրորդ ընկալման կողմնակից եմ",- հավելեց նա։