14.03.2025
Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել. Փաշինյանը՝ թուրք ԶԼՄ-ներին
prev Նախորդ նորություն

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն չէ

"Ձեր, հատկապես ցեղասպանության հետ կապված արտահայտությունները, մեկնաբանությունները շատ մեծ արձագանք են գտնում և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում, և մենք կարդում ենք սրա հետ կապված Ձեր մեկնաբանությունները, հայտարարությունները։ Շատ ընդգրկուն հայտարարություններ էլ եք անում։ Այդպիսի մի հասկացություն էլ կա, որ Դուք օգտագործում եք`internal armenization of genocide։ Ուզում եմ հասկանալ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում ցեղասպանության հարցը ինչպիսի՞ ազդեցություն ունի հիմա: Ըստ Ձեզ՝ դա արդեն նախկին, անցյալ փուլ է, նախկինո՞ւմ է մնացել այդ հարցը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով: Եվ Հայաստանը նախկինում քաղաքականություն էր վարում, ինչպես գիտենք, որպեսզի ցեղասպանությունը տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունվի և այլն։ Կարո՞ղ ենք ասել, որ այս քաղաքականությունն արդեն չի կիրառվելու։ Նույն կերպ ձեր Սահմանադրության ներածական մասում կան բաժիններ, որտեղ տեղ են գտել Արևմտյան Հայաստան և ցեղասպանություն արտահայտությունները։ Եթե Սահմանադրությունը փոխվի ձեր երկրում, դրանք տեղ չե՞ն գտնելու նոր սահմանադրության մեջ։ Այս թեմաների շուրջ կուզեի Ձեր տեսակետները լսել": Ահա այսպիսի հարց հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տվեց թուրք լրագրողը:


"Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր",- հայտարարեց Փաշինյանը:


Փաշինյանը ավելացրեց, որ սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է և կարևոր, և այդ հարցերի շուրջ ինքը հիմնականում աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում է և Հայաստանում, և արտերկրում, մեր հայրենակիցների հետ զրույցում, և կարծում է լավ առիթ է խոսել նաև հրապարակային այդ մասին։


"Նախ պիտի ասեմ, որովհետև այդ քննարկումները և շահարկումները նաև Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, լինում են, խոսք է գնում ուրացման, Մեծ Եղեռնն ուրանալու կամ մոռանալու մասին:


Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն, ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա կամ ժխտել, կամ ուրանալ, որովհետև դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է, բայց խոսքը դրա մասին չէ։ Ուզում եմ ուղիղ պատմել, եթե չեմ սխալվում, վերջերս Մյունխենի հայերի հետ հանդիպման ընթացքում իմ ունեցած մի ելույթի մասին, երբ ես ասում էի հետևյալը՝ սիրելի հայրենակիցներ, երբ մի հեռավոր երկրի խորհրդարան կամ Կառավարություն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգևորվում ենք։ Մեր իրականության մեջ այդպես է և դրանում գաղտնիք չկա, և այդ նույնիսկ շատ հեռավոր երկրները, երբ ընդունում են նման որոշումներ և երբ որ ոգևորությունն այդ որոշումից կամ ուրախությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում, իսկ այդ որոշումն ի՞նչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումներն ինչքանո՞վ են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը և այլն, և այսպես շարունակ։


Նաև այստեղ է, որ հարց է ծագում, որտեղ և ինչպե՞ս մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի պետական շահերի սպասարկման վրա, և ինչպե՞ս և որտեղ պետք է մենք կենտրոնանանք մեր իմացած, այդ թվում՝ պատմական ճշմարտությունների ընդգծման և այդ ճշմարտությունների վրա հենվելու վրա։ Որովհետև այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն։


Այսօր կա Հայաստանի Հանրապետություն, միջազգային ճանաչված պետություն, և միջազգայնորեն ճանաչված այդ պետությունն ունի հնարավորություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ, և այս առումով Հայաստանն օրիգինալ երկիր չէ։ Եվ ես նորից մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծում էի այդ շեշտը, ասում էի տեսեք՝ ինչքան բոլոր երկրները և մենք բոլորս կարևորում ենք խաղաղությունը, բայց խաղաղությունն առաջին հերթին տարածաշրջանային երևույթ է։ Ես կարող եմ որպես արդյունք, օրինակ, իհարկե մի փոքր հումորով էի այդ մասին խոսում, ներկայացնել, որ մեր Կառավարությունը շատ մեծ միջազգային ձեռքբերում է ունեցել և մենք կարող ենք երաշխավորել խաղաղությունը Հայաստանի Հանրապետության համար, ներողություն եմ խնդրում Ավստրալիայի մեր գործընկերներից, այդպես հիշատակելու համար, չնայած ոչ մի վատ բան չկա հիշատակման մեջ, բայց Ավստրալիայի հետ։


Այսինքն՝ մենք ունենք շատ մեծ ձեռքբերում, խաղաղություն, բայց Ավստրալիայի հետ, բայց Նոր Զելանդիայի հետ, բայց Բրազիլիայի հետ, որն իրոք ունենք, ընդ որում և ուրախ ենք, որ նորմալ հարաբերություններ ունենք։ Բայց խաղաղությունը և լավ հարաբերությունը մեզ առաջին հերթին պետք է մեր միջավայրի, մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններում, որովհետև խաղաղությունը, այն խաղաղությունը, որը կոնկրետ արդյունք է բերում մեր երկրի անվտանգության և բարեկեցության համար, այստեղի խաղաղությունն է:


Իհարկե, գլոբալ անվտանգությանը ես չեմ անդրադառնում, որովհետև պարզ է, որ աշխարհն արդեն կես դարից ավելի միջուկային ճգնաժամի մտավախություններ ունի, ես այդ գլոբալ խնդիրներն այս համատեքստում թողնում եմ մի կողմ, որն իհարկե նաև մեր օրակարգի մաս է, այնքանով՝ որքանով, որ մենք միջազգային հանրության մաս ենք, բայց խաղաղությունը, մեզ անհրաժեշտ խաղաղությունն այն է, որ հասանելի է մեզ, որն այստեղ է, հիմա է: Եվ հետևաբար, մենք պետք է մտածենք առաջին հերթին տարածաշրջանային խաղաղության մասին, և դա է դասը իմ ընկալմամբ, որը մենք պետք է վերցնենք պատմությունից:


Եվ ես այս դահլիճում, այս սենյակում 2020 թվականին հարցազրույց եմ տվել տեղական հայաստանյան հեռուստաընկերություններից մեկին, որը հարց է տվել ինձ, իսկ արդյոք կա այդպիսի հնարավորություն, որ Թուրքիան սպառնալիք չլինի Հայաստանի անվտանգության համար։ Եվ իմ պատասխանը եղել է այն, որ այո, մենք պետք է այդ հարցը դնենք և այդ հարցին փորձենք պատասխանել, որովհետև ենթադրում եմ, որ Թուրքիան էլ նույն հարցը տալու է Հայաստանի վերաբերյալ։ Եվ ես նաև իմ գործունեության ընթացքում փորձում եմ այդ հարցին պատասխանել, նաև այն համատեքստում, որ հնչեց:


Եվ իհարկե, այդ հայտարարությունները Հայաստանում միանշանակ չեն ընդունվում։ Իհարկե, մի դրվագ, մեր Սահմանադրությունում արևմտյան Հայաստան արտահայտություն չկա, արևմտյան Հայաստան արտահայտություն կա այլ տեղերում, բայց Սահմանադրության մեջ չկա: Ես բոլորին վերջերս մի եթերով հրապարակային հայտարարեցի, որ իմ ընկալմամբ՝ արևմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է, և Արմավիրի մարզի և Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրեր։ Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես այդ հայտարարությունն անում: Ինչո՞ւ, Հայաստանում դրա վերաբերյալ տարբեր վարկածներ կան, թե ես ինչո՞ւ եմ այդ հայտարարությունն անում, որովհետև ես պրակտիկ խնդիր ունեմ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատասխանելու այն հարցին, որի մասին քիչ առաջ հիշատակում էի։ Որովհետև ես շատ ուղիղ եմ ասում մեր հանրությանը:


Հիմա գիտեք ինչ, արդեն մեր հանրությանը, միջազգային հանրությանը, այդ սահմանները Ձեզ հայտնի պատճառներով ջնջվել են, որովհետև սոցիալական ցանցեր, ինտերնետ, բոլոր հայտարարությունները վայրկյանների ընթացքում հայտնվում են, բոլոր հրապարակային հայտարարությունները վայրկյանների ընթացքում հայտնվում են ամենուր, և դրա համար այդ սահմանն էլ է արդեն ջնջվել, մեր հանրության հետ ենք խոսում, թե միջազգային, թե տարածաշրջանային հանրության հետ ենք խոսում:


Մեր հանրությանն իմ հիմնական ուղերձը հետևյալն է, ես ասում եմ, որ մենք պետք է կարողանանք մեզ նայել, հասկանալ նաև ուրիշների ընկալումը մեր մասին, ի՞նչ ուղերձ ենք մենք տալիս տարածաշրջանին և միջազգային հանրությանը։ Եթե մենք տարածաշրջանին և միջազգային հանրությանը տալիս ենք ուղերձ, որ սպասեք, մենք կհզորանանք և տեսեք թե ինչ տարածքային և այլ փոփոխություններ կբերենք տարածաշրջանին, բնականաբար բոլորը կամ առնվազն մի մասը մեզ կընկալեն որպես սպառնալիք։ Եվ եթե մենք լսենք նման հայտարարություններ մեր հարևաններից, մենք էլ դա կընկալենք որպես սպառնալիք, ինչը և եղել է: Եկեք չթաքցնենք, միջին վիճակագրական ընկալումը Հայաստանի Հանրապետությունում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Եվ ես ենթադրում եմ, որ երբեմն այն բառամթերքը, ընդհուպ քաղաքական բառամթերքը, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվում է, պարտադիր չէ, որ պաշտոնական մակարդակում, բայց երբեմն նաև պաշտոնական մակարդակում, դա կարող է ընկալվել որպես սպառնալիք Թուրքիայի համար։


Իմ ասածն այն է, որ կարող է պարզվի, որ մենք արդեն պատճառահետևանքային կապը կորցրել ենք, արդեն այն կետը, թե որն է պատճառ, որը հետևանք, արդեն կորցրել ենք այդ կետը։ Այդ կետը կորցնելու և այս ընկալումների պատճառով մենք անցել ենք շատ բարդությունների և կատակլիզմների միջով։ Բայց հիմա կա հնարավորություն այս հարցի ընկալումը և պատասխանը, ձևակերպումը փոխելու։ Հնարավորությունը ծագել է այն բանից, որ թե՛ Հայաստանի կողմից, թե՛ Թուրքիայի կողմից հնչել են ուղերձներ, որ կա ցանկություն և՛ Հայաստանի կողմից, և՛ Թուրքիայի կողմից այդ հարցերի ձևակերպումները փոխել, այդ շեշտադրումները փոխել, դիտանկյունները փոխել։


Եվ սա է պատճառը, որ այդ թվում՝ մամուլը և փորձագետները երբեմն ասում են, որ կա պատմական հնարավորություն։ Եվ Ձեր հարցին նորից վերադառնալով՝ ես շատ կցանկանամ, որպեսզի ինքս՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, օգտագործեմ այդ պատմական հնարավորությունը։ Եվ ես ընդհուպ, գիտեք ինչ, Դուք ճիշտ եք, այդ երանգը կա, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ երբեմն հայտարարություններ եմ անում, որոնք ներքաղաքական իմաստով ոչ մի օգուտ չեն բերում ինձ՝ որպես քաղաքական գործիչ և մեր քաղաքական կուսակցությանը, բայց մյուս կողմից ես հասկանում եմ, որ այս հնարավորությունը չի կարելի բաց թողնել։


Դա ի՞նչ հնարավորություն է, դա հնարավորություն է ուժեղացնել Հայաստանի պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, բայց ինձ համար միանշանակ է, որ դա հնարավոր է անել այստեղ, հիմա այս տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ունենալու միջոցով, տնտեսական համագործակցություն ունենալու միջոցով։ Եվ հետևաբար, մենք պիտի փորձենք անել հնարավորն այդ հնարավորությունից օգտվելու համար։ Որովհետև ավանդաբար, գիտեք, ես ուզում եմ անկեղծ ասել, նույնիսկ, երբեմն հոռետեսներին, շատ դժվար է լինում փարատել հոռետեսների հոռետեսությունը, որովհետև տեսեք, ես ասացի 2022 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որն, ըստ էության, շատ կարևոր, բայց այնուամենայնիվ, այն վերջնական կետը չէ, և շատերն ասում են, ահա, պարզ օրինակ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, այդ պայմանավորվածությունը չի իրագործվում, դուք պետք է, այսինքն ինձ է ուղղված այդ հարցը, դուք պետք է արձանագրեք այդ քաղաքականության ձախողումը։ Ես դրա հետ չեմ համաձայնվում։


Ե՛վ ես, և՛ մեր քաղաքական թիմը վճռական են, համբերատար, հետևողական՝ խոսակցության, երկխոսության, փաստերի և փաստարկների դաշտում հասնել նրան, որ տարածաշրջանը Հայաստանի Հանրապետության համար լինի կայունության, խաղաղության և բարեկեցության աղբյուր: Բայց որպեսզի դա տեղի ունենա, տարածաշրջանը պետք է նաև տարածաշրջանի մյուս երկրների համար լինի խաղաղության, համագործակցության, բարեկեցության, անվտանգության և կայունության աղբյուր։ Ես, իհարկե, առաջին հերթին, իմ հոգսը և պարտականությունը և կոռեկտ էլ չէ, ես չեմ էլ կարող այլ երկրների փոխարեն մտածել և ձևակերպել այլ երկրների շահերի համար, բայց նաև 2021 թվականի ընտրություններից հետո մեր Կառավարության ծրագրում մի այսպիսի կետ մտավ, մենք այդ կետն անվանում ենք տարածաշրջանացում։


Ինքն ընդամենը բառ է, բայց շատ շերտեր է պարունակում, սա նշանակում է, որ մենք մեր քաղաքականությունները վարելիս, առաջին հերթին, ընկալում ենք մեզ որպես տարածաշրջանային երկիր: Սա չի նշանակում, որ մենք մեր այլ հարաբերությունները սահմանափակելու ենք կամ կտրելու ենք կամ նվազեցնելու, բայց մենք, առաջին հերթին, տարածաշրջանային երկիր ենք մեզ ընկալում: Եվ ինչո՞վ է հետաքրքիր՝ տեսեք, երբ մենք ծրագրում այդ թեզը մտցրեցինք, ես արձանագրեցի – իհարկե, հանգամանքները պարզ չէին, բայց դա 2021 թվականն էր, բայց 2022-2023 թվականները ինչո՞վ էին էական և կարևոր, որ ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այդ ժամանակաշրջանում հանդիպումներ ու քննարկումներ էի ունենում մեր տարածաշրջանի բոլոր երկրների ղեկավարների հետ։ Այդպիսի իրադրությունը, ինչքան էլ տարօրինակ թվա, մեզ համար չի եղել շատ սովորական։


Իմիջիայլոց, վերադառնալով Թուրքիայի հետ մեր հարաբերությունների դինամիկային, գիտեք, ես պետք է ուղիղ ասեմ, որովհետև այս հանդիպումը և նման հանդիպումներն ավելի իմաստավորված կլինեն, որպեսզի մենք մաքսիմալ երկիմաստություններից խուսափենք։ Գիտեք, այն ժամանակներում, երբ օրակարգում էր, որ պետք է շփումներ լինեն Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ինքնին փաստը, որ նման շփում է տեղի ունենում, կարող էր շատ բարդ արձագանք ունենալ սոցիալական ցանցերում և այլն։ Բնականաբար, հանրության արձագանքն էլ որոշակիորեն կաշկանդում է նաև այդ հանրության կողմից ընտրված իշխանությանը։


Բայց հիմա ես դա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում, շատ պարզ մի բան նշեմ, որը կարող է առաջին հայացքից պարզունակ թվալ, բայց խորհրդանշական, որ օրինակ, երբ ես Նյու Յորքում ունենում եմ հանդիպումներ ամենատարբեր երկրների ղեկավարների հետ, և իմ հանդիպումների մասին փոքրիկ նյութեր ենք տեղադրում իմ ֆեյսբուքյան էջում, ես վերադարձի ճանապարհին արձանագրում եմ, որ իմ հանդիպումը Թուրքիայի նախագահի հետ ամենաշատ տարածումն է գտել մեր սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում, ամենաշատ դիտումները, ամենաշատ հավանումները: Ես նայում և զարմանում եմ: Բայց հիմա կարող է թվալ՝ լավ, Ֆեյսբուքի լայքերն ենք քննարկում, բայց էլի եմ ասում, մենք պետք է դինամիկայի մեջ լինենք: Օրինակ, մեր առաջին հանդիպումն այդպիսին չէր, այլ ընդհակառակը՝ հիմնականում նեգատիվ ֆոնով էր նույնիսկ հանդիպման փաստը, թե ինչու պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետը նման հանդիպում ունենա և այլն: Այսինքն՝ նկատի ունեմ շատ բարդույթներ արդեն իսկ հաղթահարված են, որը պրակտիկ առումով վիճակագրության մեջ չի արտահայտվում՝ առևտրաշրջանառության և այլն, բայց դա շատ կարևոր բան է: Եվ ես դա ձեռքբերում եմ համարում, ուղիղ պետք է ասեմ։ Ես դա ձեռքբերում եմ համարում և նաև սա է պատճառը, որ ես հոռետեսներին ասում եմ՝ վաղ է արձանագրել այս ուղղության և այս քաղաքականության ձախողման մասին։


Ավելին ասեմ՝ համոզված եմ, որ եթե մենք հետևողական, հանդարտ, փաստարկների վրա հիմնված, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, այս փոքր քայլերով առաջ շարժվենք, հարցն այն չի լինելու՝ կլինի կարգավորում, թե չէ: Հարցը լինելու է՝ ե՞րբ կլինի կարգավորում: Դա ընդամենը լինելու է ժամանակի հարց, որն ամենատարբեր հանգամանքներով, իհարկե, կազդվի: Կարող է այդ կարգավորումը հետաձգվի ևս երեք ամսով, ևս վեց ամսով, ևս մի տարով: Բայց այսօր արդեն իմ ընկալումն այն է, որ դա ժամանակի հարց է, և մենք պետք է համբերատար այդ ժամանակի հետ քայլենք և առաջինը՝ առաջնորդվենք չվնասելու տրամաբանությամբ։ Եթե մենք շատ կոնկրետ դիտավորյալ վնասներ չհասցնենք այս գործընթացին, փոխադարձաբար, իմ կարծիքով, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հիմա արդեն ժամանակի հարց է"-հավելեց նա:

Սիրիահայերին օգնելու հարցով խոսակցություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև. Փաշինյան
Հաջորդ նորություն next