VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է․
"Իշխող թիմն ամբողջությամբ լծվել է Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ընտրություններում հաղթելու գործին։ Գյումրու ՔՊ-ականներին խիստ զգուշացվել է՝ Սարիկի պարտության դեպքում բոլորն են պատասխան տալու: Դա ոչ թե Սարիկի, այլ ՔՊ-ի պարտությունն է լինելու։ Բանն այն է, որ Գյումրու ՔՊ կառույցում, մեղմ ասած, իրար միս են կրծում։ Կարեն Սարուխանյանն ու Սարիկ Մինասյանը գրեթե չեն շփվում իրար հետ, ՔՊ-ականների մի մեծ խումբ էլ աչքով աչք չունի Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանի հանդեպ, որը, ըստ էության, Սարիկ Մինասյանին փոխարինողն է։ Բայց որպեսզի ընտրությունները չձախողվեն ներանձնական հարաբերությունների պատճառով, Փաշինյանը սպառնացել է, որ պարտության դեպքում բոլորն են պատժվելու եւ կորցնելու զբաղեցրած պաշտոնները"։
«Հրապարակ» թերթը գրում է․
"Հայաստանի պետական գերատեսչություններում ամեն տարի մարտի 8-ին, ավանդույթի համաձայն, կին աշխատակիցներին 30-40 հազար դրամ պարգեւավճար էին տալիս` դրանով ցույց տալով իրենց կնամեծարությունը: Մենք տեղեկացանք, որ այս տարի մարտիության պարգեւավճարը պետական ծառայողները` կանայք, չեն ստանալու: Մեր աղբյուրի խոսքով` աշխատակիցներին պատճառաբանել են, թե բյուջեում փող չկա: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊԵԿ-ից եւ պաշտպանության նախարարությունից: ՊՆ խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը, խոստացավ ճշտել, ասել, սակայն այդպես էլ հարցը թողեցին անպատասխան: ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանն էլ ասաց, որ նախկինում իրենց կին աշխատակիցները մշտապես մարտի 8-ի առթիվ ստացել են որոշակի գումար, սակայն այս տարի դեռեւս հստակ չէ` կստանա՞ն, թե՞ ոչ: ԿԳՄՍՆ-ից նույնպես ասացին, որ չգիտեն` լինելո՞ւ է պարգեւատրում այս տարի, թե՞ ոչ":
"Հրապարակ" օրաթերթը գրում է․
"Կառավարությունը խորհրդարան է ուղարկել 2021-2026 թթ․ հնգամյա ծրագրի նախորդ տարվա կատարման «ընթացքի եւ արդյունքների» մասին զեկույցը, սակայն 150 էջանոց զեկույցում կառավարության ծրագրի կատարման արդյունքների մասին արձանագրումները կա՛մ սոսկ թվաբանություն են, կա՛մ իրերն ու երեւույթները նիկոլականի աչքերով տեսնելու եւ մանիպուլացնելու փորձեր։ Զեկույցում տեղ է գտել բոլոր ոլորտներում կատարված աշխատանքների ընթացքի մասին վիճակագրություն:
Հետաքրքրական են հատկապես արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտի վերաբերյալ արձանագրումները։ 2024-ին Տավուշի չորս գյուղերից հսկայական տարածքներ թշնամուն նվիրելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը պարծենում են, որ իրենց վարած արտաքին քաղաքականության հետեւանքով խաղաղություն են հաստատել։ «2024 թվականը վերջին 20 տարվա ամենախաղաղ եւ կայուն տարին է եղել մեր արտաքին սահմանների համար, որը պայմանավորված է տարածաշրջանային եւ միջազգային ակտիվ քաղաքականությամբ»,- գրված է զեկույցում:
Իսկ կառավարության վարած արտաքին քաղաքականության նպատակը «Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը պահպանելն ու ամրապնդելն է, Հայաստանի տնտեսական զարգացման համար արտաքին նախադրյալներ ստեղծելը, ինչը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ առաջնահերթություն է»։ Զեկույցը խորհրդարանում քննարկվելու եւ ընդունվելու է ի գիտություն"։