6.03.2025
ԵԽ պատգամավորները դիտարկում են հայ գերիների թեմայով հրատապ դեբատներ անցկացնել
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն ընդունեց խաղային ոլորտին վերաբերող աղմկահարույց օրենսդրական փաթեթը

Ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխություններն ու լրացումները Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում:


Առաջարկվում է երկու անգամ բարձրացնել օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը:


«Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,- այս մասին նշել է օրենսդրական փաթեթի հեղինակը: Ֆինանսական բեռը տարեցտարի կբարձրանա եւ այս գործիքի միջոցով հնարավոր կլինի լուծել խաղային օպերատորի հարցը: Հայկ Սարգսյանի խոսքով օպերատորի միջոցով սահմանափակվելու են օնլայն կազինո խաղալու հնարավորությունները, որոշ սոցիալական խմբերի եւ պետծառայողների դեպքում առհասարակ արգելք է դրվելու:


«Ամբողջ աշխարհում, նաեւ Հայաստանում վերջին տարիներին գրանցված ինքնասպանությունների զգալի մասի պատճառը խաղամոլությունն է, որից անմասն չի կարող մնալ բանակը, որը մեր հասարակության հայելին է: 2024 թվականին բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների կեսից ավելին խաղամոլության հետեւանք է»,- նման վիճակագրական տվյալներ է ներակայացրել հիմնական զեկուցողը:


2024 թվականին օնլայն կազինոների հաշիվներին լիցքավորվել է ավելի քան 811 մլրդ դրամ: «Եթե այդ գումարները մտնեին տնտեսության մեջ, համախառն ներքին արդյունքը կաճեր 10-15 տոկոսով, իսկ պետական եկամուտները` 7,34 տոկոսով»,- փաստել է Հայկ Սարգսյանն ու խոսել այսօր խաղատների եւ օնլայն կազինոների գործունեությունը Հայաստանում օրենքով չարգելելու մասին: Նրա խոսքով պատճառն այն է, որ դեռեւս չունենք համացանցը կառավարելու եւ արտասահմանյան օնլայն կազինոների հասանելիությունը մեր երկրում գոնե 90 տոկոսով արգելափակելու հնարավորություն: «Պատրաստվում եմ անել հնարավորը, որ մեր պետությունն ունենա այդ տեխնիկական հնարավորությունը, որից հետո կանենք նոր օրենսդրական փոփոխություններ եւ առավելագույնս կսահմանափակենք այս արատավոր երեւույթը»,- ընդգծել է պատգամավորը եւ շնորհակալություն հայտնել Կառավարության ղեկավարին այս կարեւորագույն նախաձեռնությանն աջակցելու համար:


Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ երկրորդ ընթերցման ընթացակարգում ի սկզբանե նախատեսված հարկային բեռի չափը մի քանի անգամ նվազեցվել է, քանի որ հարկը պետք է լինի տրամաբանական եւ չի կարող ավելի մեծ լինել, քան այդ ընկերությունների եկամուտը:


Հանձնաժողովի նախագահի տեղակալը կարեւորել է մինչեւ տարեվերջ խաղային օպերատոր ունենալու հանգամանքը: Ըստ Բաբկեն Թունյանի` կարգավորումները պետք է այնպես լինեն, որ ոլորտը չունենա գերշահույթներ եւ միաժամանակ չլինեն այնքան խիստ, որ մարդիկ իրենց ֆինանսական հոսքերը տեղափոխեն կասկածելի օտարերկրյա կայքեր եւ ավելի մեծ վնասներ ունենան: Նա հավելել է, որ նախաձեռնությունը լուծում է ոչ թե խաղամոլության չտարածման, այլ արդարացի հարկման խնդիրը: Հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել է կողմ քվեարկել:


Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում Կառավարությունն առաջարկել է խաղային ոլորտի համար բեռի բարձրացումը կատարել պետական տուրքի դրույքաչափերի շարունակական բարձրացման տրամաբանությամբ: Այս մասին հայտնել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ու հիշեցրել, որ պետական տուրքը նախատեսված է խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու քվոտավորման տրամաբանությամբ: Կառավարության առաջարկով ապրիլի մեկից երկու անգամ կբարձրանա պետական տուրքը, այնուհետեւ տարվա սկզբից աճը կլինի շարունակական այս պահին գործող պետական տուրքի չափով` մինչեւ խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոնի ստեղծումն ու օպերատորի ինստիտուտի ներդնումը:


Հարցուպատասխանի ձեւաչափում պատգամավորները եւս կարեւորել են խաղային օպերատորի դերը ոլորտի խնդիրների լուծման հարցում, խոսել խաղային ոլորտի բիզնեսի արգելման հնարավորության, դրա ռիսկերի ու դրանց կառավարման մասին: Առաջարկվել է քննարկել շահութահարկի դրույքաչափը վերանայելու հարցը:


«Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Թադեւոս Ավետիսյանը կարծիք է հայտնել, որ նման լուծումներով բնագավառի խնդիրները չեն կարգավորվում:


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում Բաբկեն Թունյանը պարզաբանել է, որ խաղային օպերատորին վերաբերող օրենքը թեպետ ընդունվել է անցած տարի, բայց օպերատորը պետք է ներդրվի այս տարվա ընթացքում: Ըստ նրա` պետությունը պետք է ամեն քայլ անի ու առավել կարճ ժամանակահատվածում թեկուզ իմպերատիվ տարբերակներով սահմանափակի խաղադրույքների տարածումը:


Հայկ Սարգսյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին:


Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:


Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: