6.03.2025
Սուրեն Պապիկյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր
prev Նախորդ նորություն

ԵԽ պատգամավորները դիտարկում են հայ գերիների թեմայով հրատապ դեբատներ անցկացնել

Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների կտտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում։


Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի ունեցած տեղեկություններով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում կայանալիք  լիագումար նիստում ԵԽ պատգամավորների այս վրդովմունքն արձագանքի ի՞նչ ձև պետք է ստանա։ Չի բացառվում հարցի վերաբերյալ հրատապ դեբատների անցկացումն ու բանաձևի ընդունումը։ 


Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 


Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի:


Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով նիստը հետաձգվել է, այնուհետև շարունակվել։ Վերջին նիստը կայացել է մարտի 4-ին։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի, վատթարացման, ինչպես նաև նրան խոշտանգման ենթարկելու վերաբերյալ ահազանգում են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցով փետրվարի 28-ին հայտարարություն էր տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։