6.03.2025
Ադրբեջանի բանտերում գտնվող հայերի կյանքը սպառնալիքի տակ է
prev Նախորդ նորություն

Փոխարենը գնահատեք այն, ինչ արվեց Ձե՛ր փոխարեն. Բելլա Բաբախանյանը հակադարձում է Միրզոյանին

Նախ, սկսենք նրանից, Արարատ Միրզոյան, որ իմ անունը Ռոզա չէ, իմ անունը ի ծնե Բելլա է: Ահա այսպես է իր ուղիղ եթերը սկսում բլորգեր Բելլա Բաբախանյանը, որը օրերս Հայաստան է տեղափոխվել Բելառուսից, որտեղ նրան մի շարք մեղադրանքներ էին առաջադրվել:

Հիշեցնենք Բելլա Բաբախանյանի պատմությունը. Վերջինս Մինսկում ապրող հայ բլոգեր է, որը սոցցանցերում ակտիվ պաշտպանում է հայկական շահերը, համարձակ քննարկումներ ունենում ադրբեջանցիների հետ։ Վերջերս նա հայտնել էր, որ ադրբեջանցիները սպառնում են իրեն և որ իրեն ձերբակալելու են ու հանձնեն Ադրբեջանին։

Ինչպես հիշում ենք, Գագիկ Ծառուկյանը կարողացավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ անձնական բարիդրացիական կապերի շնորհիվ կարգավորել խնդիրը և ընդամենը հաշված օրերին ընթացքում Բելլան վերադարձավ Հայաստան: Թեպետ կարող էր դրա փոխարեն հայտնվել Ադրբեջանում, որն, ի դեպ, դաշնակից պետություն է Բելառուսի համար և արդեն հասկանալի է, թե ինչ ճակատագիր էր այդ դեպքում սպասվում հայ կնոջն այնտեղ:

Այս ողջ ընթացքում, հիշեցնենք, այս թեմայի վերաբերյալ ՀՀ պաշտոնական որևէ հայտարարություն չէր արվել, ավելին՝ դեռ անցած տարվանից Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան «խորհրդակցությունների» պատճառաբանությամբ և մենք այս պահին դեսպան Մինսկում չունենք: Ավելին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խզել է բոլոր կապերը այդ երկրի հետ, հայտարարելով, որ քանի դեռ այդ երկրի ղեկավարը Լուկաշենկոն է, ոչ ինքը, ոչ ՀՀ որևէ այլ պաշտոնյա այդ երկիր չի մեկնի: Եվ ահա մեկ տարուց ավելի բոլորս ականատեսն ենք Լուկաշենկո-Փաշինյան «փոխհրաձգությանը» տարբեր միջոցառումների ժամանակ, քանզի ՀՀ-ն ու Բելառուսը հանդիսանում են մի շարք միությունների անդամներ:

Եվ ահա երեկ ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հետաքրքիր հայտարարություններ արեց այս գործի վերաբերյալ՝ դրսևորելով ակնհայտ խանդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Նա, նախ, հայտարարեց, որ Երևանը փետրվարի 20-ին պաշտոնական նոտայով դիմել է Մինսկին՝ Բելլա Բաբախանյանի կալանավորման առնչությամբ՝ հայցելով տեղեկություններ տրամադրել Հայաստանի քաղաքացու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ երեք օր անց պատասխան է ստացվել, ըստ որի՝ Բաբախանյանը 15 օրով զրկվել է ազատությունից և ժամկետը լրանալուց հետո ազատ կարձակվի։
Ապա Միրզոյանը հայտարարեց.


«Ո՞վ է ջանքեր գործադրել բաց թողնելու համար, ո՞վ է դա ներկայացնում որպես իր ձեռքբերում, չգիտեմ։ Մեզ այդքանը չի հետաքրքրում: Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օրից հետո բաց է թողնվելու»:

Բելլա Բաբախանյանն էլ հակադարձում է՝ եթե հարցում է արվել ու պատասխաններ են ստացվել, ապա ինքը շատ է ցանկանում տեսնել այդ փաստաթղթերը.

«Փոխարենը գնահատեք այն աշխատանքը, որ արվեց մի սովորական աղջկա համար, որը ոչ մի նշանակություն չուներ, դրել ինչեր եք քննարկում: Չէ որ նա այդ գործն արել է ձեր փոխարեն: Ես արդեն տաս օր է գտնվում եմ հայրենիքում, բայց Կառավարության կողմից ոչ մի մոտեցում չտեսա: Եվ դա փաստ է»,- հայտարարեց Բելլա Բաբախանյանը՝ հիշեցնելով, թե ով է իր կողքին եղել դժվար պահին, ով է իր ետևից գնացել Մինսկ, պատվիրել ինքնաթիռ ու տեղափոխել նրան Հայաստան:

Ի դեպ, մենք ուսումնասիրեցինք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը և նշված ժամանակահատվածում՝ փետրվարի 20-ից սկսած որևէ հիշատակում նոտայի կամ Բելլա Բաբախանյանի մասին առհասարակ չգտանք: Պաշտոնական մեկնաբանություն ևս:

Լիա Խոջոյան