«Խնդրում ենք դադարեցնել հացադուլը». Ռուբեն Հայրապետյանի կոչը Ռուբեն Վարդանյանին
Լուսանկարը՝ panorama.am
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը գրառում է կատարել, որում դիմել է Ռուբեն Վարդանյանին:
«Սիրելի՛ Ռուբեն,
Դիմում ենք քեզ հազարավոր քո հայրենակիցների անունից: Խնդրում ենք դադարեցնել հացադուլը:
Տեսնելով և հասկանալով, թե ինչպիսի ծայրահեղ անարդարություններն են քեզ ստիպել դիմել այդ քայլին, միաժամանակ ուզում ենք՝ տեղեկացա՛ծ լինես, որ դու արդեն արթնացրել ես շատերին, և դեռ պայքարի մեծ ուղի կա անցնելու. պետք է կռվել միասին:
Այդ պայքարում քո առողջական խնդիրները անդառնալի հետևանքներ կունենան Հայաստանի և հայկական աշխարհի վրա, իսկ քո ամուր առողջությամբ դու շարունակում ես ոգեշնչել և միավորել բոլորիս՝ նույնիսկ Բաքվի բանտից:
Դու՛ ես միշտ ասել, որ եթե նույնիսկ նվազագույն հնարավորություն կա փրկության, ապա պետք է պայքարել, հակառակ դեպքում դա էլ չի լինի: Այս դեպքում մենք ոչ թե նվազագույն հնարավորություն ունենք, այլ հստակ անելիք, որով քո առաջնորդությամբ հասնելու ենք ցանկալի նպատակին:
Խնդրում ենք՝ մի՛ զրկիր մեզ այդ հնարավորությունից, և մենք կանենք անհնարինը՝ հանուն Հայաստանի և ամբողջ հայկական աշխարհի», - նշված է գրառման մեջ: