Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա: Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը (IRIB) տված հարցազրույցում։
"Եվ սա թերևս երաշխիք է, որ երկու երկրների հարաբերությունները զարգացման ռազմավարական տրամաբանության մեջ են գտնվում: Եվ մենք ուրախ ենք արձանագրել, որ մեր հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական երկխոսության մակարդակում, և՛ տնտեսական գործակցության մակարդակում: Մենք ուրախ ենք տեսնել ավելի շատ զբոսաշրջիկների Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն այցելող և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն այցելող, և նաև մեր առևտրաշրջանառությունը բնական տեմպերով աճում է:
Իհարկե, կան նաև խնդիրներ, խոչընդոտներ, որոնց չլինելու դեպքում գուցե թե այդ հարաբերությունները, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում ավելի մեծ կլինեին, բայց նաև կարծում եմ, որ մենք Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության հետ գործակցության շնորհիվ կարողանում ենք աճի բավականին լավ տեմպ ունենալ: Պիտի ասեմ նաև, որ մեր առևտրաշրջանառության աճը համարժեք է մեր տնտեսական աճին, որը բավականին բարձր է: Այս առումով՝ կարծում եմ, որ մենք պետք է գոհ լինենք հարաբերությունների այն մակարդակից, որն ունենք և աշխատենք, իհարկե, ավելի արդյունավետ դարձնել այդ հարաբերությունները", - ասաց նա։
Վարչապետը նշեց, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է հարաբերությունների զարգացումն ապահովելու համար, իրականացնում է, և դրա վկայությունը մեր առևտրաշրջանառության աճն է: Նա ուրախությամբ ընդգծեց, որ իրանական ընկերությունները բավական լայնորեն ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, այսօր Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև նոր մաքսային անցակետի շինարարության մեջ է ներգրավված Իրանի Իսլամական Հանրապետության ընկերություն, Հյուսիս-Հարավ ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածը հիմա հաջողությամբ իրականացնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող ընկերություն։
"Իմ գնահատականն այն է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության կողմից կա կամք բնական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացումը պահելու բնական ուղեծրի վրա", - ասաց Փաշինյանը։