Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է ներկայացրել Իրանի փոխնախագահի պաշտոնից
Լուսանկարում` Մոհամմադ Ջավադ Զարիֆ / REUTERS
Նախկին արտգործնախարարը, որը պատասխանատու էր Փեզեշքիանի կառավարությունում ռազմավարական հարցերի համար, սպասում է նախագահի որոշմանը:
Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Մասուդ Փեզեշքիանին, հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները IRNA-ին հայտնել են, որ Զարիֆն արդեն իր հրաժարականի նամակն է հանձնել Փեզեշքիանին, սակայն նախագահը դեռ որոշում չի կայացրել այդ հարցի վերաբերյալ։ Պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել։
Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշանակվել է ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում 2024 թվականին։ Մինչ այդ նա զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը 2013-2021 թվականներին։ 2015 թվականին Զարիֆը հանդես է եկել որպես միջուկային համաձայնագրի գլխավոր բանակցող աշխարհի հզոր տերությունների հետ, ինչը համարվում է այդ ժամանակաշրջանի դիվանագիտական հիմնական ձեռքբերումներից մեկը։