2024 թվականի արդյունքներով երկրում միջին ամսական աշխատավարձը հասել է 287 172 դրամի, ինչը 114 445 դրամով կամ 66,3%-ով ավելի է, քան 2018 թվականին: Այս մասին փետրվարի 27-ին կառավարության նիստի ընթացքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հատկապես կարևոր է նշել, որ աշխատավարձերի աճը զգալիորեն գերազանցում է գնաճի տեմպերը: Կառավարության ղեկավարի խոսքով, 2018 թվականից գնաճը կազմել է 25,3%, այսինքն՝ աշխատավարձի աճը մոտավորապես 40%-ով գերազանցել է գների աճը, ինչը աշխատող բնակչության կենսամակարդակի բարելավման էական ցուցանիշ է:
«Այս աճը վերաբերում է աշխատող մարդկանց, պարզ է, որ այն մարդիկ, որոնք չեն աշխատում, գնաճի ցուցանիշը այլ կերպ են զգում իրենց վրա», - նշել է Փաշինյանը:
2024 թվականին տնտեսությունը ցուցաբերել է ավելի տպավորիչ արդյունքներ. 2023 թվականի համեմատ ընդամենը 0,3% գնաճի պայմաններում աշխատավարձի աճը կազմել է 6,4%: «Եթե զուտ մեխանիկական նայենք, ըստ էության ստացվում է, որ տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը», - ընդգծել է վարչապետը:
Դրական դինամիկան պահպանվում է նաև 2025 թվականին: 2025 թվականի հունվարին միջին աշխատավարձը կազմել է 296 651 դրամ, ինչը 126 594 դրամով կամ 74%-ով ավելի է, քան 2018 թվականի հունվարին, այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում գնաճը կազմել է 27%: 2024 թվականի հունվարի համեմատ, 1,7% գնաճի պայմաններում աշխատավարձերի աճը հասել է 4,6%-ի, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է գների աճի տեմպերը:
Ոչ պակաս կարևոր ձեռքբերում է աշխատատեղերի քանակի էական ավելացումը: 2024 թվականին Հայաստանում վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է 760 555, ինչը 203 875-ով կամ 36,6%-ով ավելի է, քան 2018 թվականի հունվարին:
«2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203 000 աշխատատեղ, որը կարծում եմ արդեն ինքը որպես բացարձակ թիվ և որպես տոկոսային աճ շատ էական է: Բայց ուզում եմ ընդգծել, որ 24 թվականի աշխատատեղերը 5,2%-ով ավելի են նաև 2023 թվականից, այսինքն այդ աճի դինամիկան տարեց տարի ավելանում է: Այդ դինամիկան պահպանվում է նաև 2025 թվականի հունվարին: 2025 թվականի հունվարին 2024 թվականի հունվարի նկատմամբ ունենք 41 124-ով ավել աշխատատեղ», - ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, վարչապետը խոստովանել է, որ գնաճի ցուցանիշը բոլոր ապրանքների համար հավասարաչափ չէ: «Բոլոր ապրանքները չեն որ նույնքան են թանկացել, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները ավելի շատ են թանկացել», - ընդգծել է նա: