Միջազգային հարաբերություններում տեղի ունեցող դինամիկ զարգացումները նոր իրավիճակ են ստեղծում Հարավային Կովկասում: Էր Ռիադում տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցությունները և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցը վկայում են, որ երկու գերտերությունները կարող են գալ նոր համաձայնությունների։ VERELQ-ին տված հարցազրույցում հայտնի քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը խոսում է այս զարգացումների և դրանց հնարավոր հետևանքների մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի շահերին ու մարտահրավերներին: Նա անդրադառնում է նաև հայ-վրացական հարաբերությունների նոր հնարավորություններին և Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարներին:
VERELQ. Պարոն Բադալյան, նախ, ինչպե՞ս եք դուք ընկալում, որպես փորձագետ, Էր Ռիադում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գլխավորած պատվիրակությունների բանակցությունների արդյունքները և ի՞նչ է դա նշանակում ըստ ձեզ։
Հակոբ Բադալյան. Հանդիպման փաստն ինքնին, սկսած նաև Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից, ես կարծում եմ, վկայում է, որ հիմնական այսպես զարգացման, այդ գործընթացի զարգացման ուղենիշների և ընդհանուր տրամաբանության, լոգիկայի հարցում կա փոխհամաձայնություն երկու կողմում և տրվում է փաստացի մեկնարկն արդեն տարբեր ուղղություններով, տարբեր կոնկրետ հարցերի վերաբերյալ դետալային, արդեն բանակցային պրոցեսների համար։ Հասկանալի է։
VERELQ. Արդյո՞ք սա նշանակում է աշխարհաքաղաքական կամ աշխարհակարգի այդպես շատ հստակ և շատ արագ փոփոխություն, այսինքն՝ այն աշխարհակարգը, որ ուզում էր Ռուսաստանը մեծ հաշվով փոխել, որին ընդդիմանում էր արևմուտքը, հիմա արևմուտքի խոշոր կտորներից մեկը, կեսը գոնե, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, իր տնտեսությամբ և դեմոգրաֆիայով, միացել է դրան։
Հակոբ Բադալյան. Ես այն գնահատականներին համաձայն չեմ, որ Ռուսաստանն ուզում էր, արևմուտքն ընդդիմանում էր։ Ես կարծում եմ՝ Ուկրաինայի պատերազմը հենց եղել է երկուստեք առնվազն, և ոչ միայն երկուստեք, նաև մի շարք այլ դերակատարների մասնակցությամբ, հենց այդ պրոցեսի մաս։ Այսինքն՝ փոխվում է որոշակի տրամաբանությունը, բայց ոչ պրոցեսի էությունը։ Աշխարհակարգի վերափոխումն արդեն մի քանի տարի ծավալվում է, և Ուկրաինական պատերազմը դրա գերակտիվ փուլերից մեկն էր։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ պատերազմը ևս մեկնարկել է ամերիկա-ռուսական բանակցային գրեթե կես տարի տևած գործընթացով, և այդ գործընթացը եղել է բազմամակարդակ, սկսած Թրամփ-Պուտին հանդիպումներից, հեռախոսազրույցներից, մինչև պետքարտուղարներ, անգամ պետքարտուղարության տեղակալներ, տարբեր այլ չինովնիկներ և այլն։
Եվ վեց ամիս Միացյալ Նահանգների և Ռուսաստանի մակարդակով այդ բանակցային պրոցեսը չի կարող լինել ոչնչի մասին կամ զրոյական արդյունքով։ Ես համոզված եմ, որ այդ ընթացքում պարզապես քննարկվում էին հնարավոր պատերազմի էլի ընդհանուր սկզբունքները։ Եթե մենք դիտարկենք Ուկրաինական պատերազմը, ապա կտեսնենք, որ դրա այսպես լարման աստիճանների առումով կար շատ հստակ կառավարելիություն։ Այսինքն՝ այդ պատերազմը երեք տարի ըստ էության դուրս չի եկել մեծ հաշվով, այսպես ասենք, գլոբալ վերահսկողությունից։
Եվ այս իմաստով ես կարծում եմ՝ հիմա պարզապես նոր փուլ է, որովհետև պատերազմով խնդիրների մի զգալի մասը լուծվեց, և հիմա արդեն նոր խնդիրներ են եկել, որոնք նոր լուծումներ են պահանջում, և մենք տեսնում ենք, որ հիմնական երկու դերակատարները՝ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը սկսում են այդ նոր լուծումների քննարկման գործընթաց։ Ընդհանուր սկզբունքների տրամաբանության մեջ ունենալով համաձայնություն, բայց բնականաբար այդ գործընթացում արդեն երկուստեք լինելու է սեփական նպատակների այդպես շատ կոշտ և հետևողական պաշտպանություն։
Ինչի՞ կհասնեն, կասկած չկա, որ հասնելու են ինչ-որ արդյունքի, այլապես չէին սկսի մեծ հաշվով, բայց թե հատկապես ինչ արդյունքի, սա դեռ կտեսնենք։ Եվ կասկածից վեր է, որ այս պրոցեսն առնվազն զգալիորեն որոշակի եռանկյունաչափական ձև է ունենալու, կարծում եմ՝ Չինաստանը բավական ներգրավված կլինի այս կամայքում։
VERELQ. Հասկանալի է։ Մեծ հաշվով, Ուկրաինայում ռազմական գործողություններով սկսվեցին նաև փոփոխություններ մեր տարածաշրջանում։ Որոշակի դիրքավորումներ փոխվեցին, կարելի է ասել՝ դրա հետևանքով Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական գերապատվությունները կամ նախապատվությունները փոխվեցին, ավելի շատ սկսեց ուժեղանալ արևմտյան վեկտորը, գոնե հայտարարությունների և, չգիտեմ, ընդունվող օրենքների մակարդակով։ ՌԴ-ԱՄՆ հնարավոր նոր պայմանավորվածությունները ի՞նչ հետևանքներ են ունենալու մեր տարածաշրջանի վրա:
Հակոբ Բադալյան. Մեր ռեգիոնի առումով կասկած չկա՝ քննարկումները ներառելու են, եթե ոչ անմիջական, ապա մի շարք էական ռեգիոններ կան, որոնց վերաբերյալ քննարկումներն անխուսափելի են լինելու, և դրանք անխուսափելիորեն շոշափելու են նաև Կովկասը։ Սևծովյան ավազանը, Մերձավոր Արևելքը, դրանք ռեգիոններ են, որոնք այսպես թե այնպես էապես ազդելու են և ներառելու են նաև Կովկասը, եթե անգամ շատ անմիջական կենտրոնացում Կովկասի վրա չլինի, էլ չասած Թուրքիայի գործոնը և այլն։
Բայց այստեղ հետևյալն է երևի ավելի ուշադրության արժանի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար Կովկասն այդուհանդերձ եղել է, մնում է և շարունակելու է լինել տակտիկական նշանակության ռեգիոն՝ ավելի լայն ստրատեգիական նշանակության հարցերը սպասարկելու միջոց։ Ռուսաստանի համար սա ստրատեգիական ռեգիոն է, այսինքն՝ շեշտադրումները Մոսկվայի և Վաշինգտոնի համար լրիվ այլ տրամաբանության մեջ են լինելու, և եթե անշուշտ ինչ-որ պայմանավորվածությունների հանգեն, դա Կովկասում ենթադրելու է անխուսափելիորեն ուժերի նոր բալանս։
Եվ այստեղ նաև շատ կարևոր է գուցե հիշատակել, որ այս առնչությամբ որոշակի առաջին քայլ Կովկասի վերաբերյալ արդեն արված է։ Դա Ռուսաստանի և Իրանի միջև այդ համապարփակ համաձայնագրի ստորագրումն էր հունվարի 17-ին։ Իհարկե, այդ համաձայնագիրը դեռ վավերացված չէ երկրների խորհրդարաններում, բայց ինքնին դրա ստորագրումը դա արդեն Կովկասում ուժերի նոր բալանսի շատ էական մի գործոն է, և հիմա տեսնենք, թե դրա ծավալումն ինչպիսին կլինի ընդհանուր արդեն այս ամերիկա-ռուսական համատեքստում։
Այս իմաստով հատկանշական էր, որ Պեսկովը երեք օր առաջ, կարծես թե հենց այդ Էր Ռիադի բանակցությանը զուգահեռ, ըստ էության, հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանի միջուկային ծրագրում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։ Այսինքն՝ մեծ հաշվով այդ ռուս-իրանական պայմանագիրը, ես կարծում եմ, կարելի է այսպես նույնիսկ նկարագրել որպես միջուկային գերտերություն Ռուսաստանի ծածկոց, միջուկային ծածկոց նաև Իրանի հանդեպ։ Այսինքն՝ սա ևս Կովկասի բալանսի վրա էապես ազդող գործոն է, բայց կրկնեմ, այդ մշակի ավելի հեռանկարները կախված են լինելու անմիջական ռուս-ամերիկյան այս բանակցության ընթացքից։
VERELQ. Իսկ Հայաստանի իշխանությունները ի՞նչ հետևություններ պետք է անեն։ Արդյո՞ք մեր տարածաշրջանը մեկ փաթեթով է գնալու Թրամփ-Պուտին պայմանավորվածությունների մեջ, և ի՞նչ հետևություններ պիտի անեն նաև Հայաստանի իշխանությունները։
Հակոբ Բադալյան. Այստեղ հետևությունը, ես կարծում եմ, մեկն է։ Այսինքն՝ պետք է նախ աչալրջորեն հետևել զարգացումներին, փորձել առավելագույնս ինֆորմացված լինել, բայց դրանից զատ, իհարկե, նվազագույնը թե՛ Ռուսաստանի, թե՛ Ամերիկայի հետ պետք է այդպես գերարդյունավետ աշխատանք և քաղաքականություն։ Այսինքն՝ պետք է այստեղ ձգտել առավելագույն բազմամակարդակ արդյունավետության, բայց նաև առաջին հերթին պետք է փորձել ներքին կարողությունները, այսպես ասած, բարձրացնել՝ տնտեսական, պաշտպանական և այլն, որովհետև մեր խոսքը լսելի է լինելու որևէ խաղացողի մոտ՝ կախված արդեն հենց այդ մեր ներքին կշռից:
Բայց նաև պետք է, ես կարծում եմ, պետք է շատ ինտենսիվ Վրաստանի հետ աշխատել այս փուլում, և Վրաստանի վարչապետը հունվարի 30-ին, երբ եկել էր Հայաստան, ես կարծեմ իր խոսքում նույնիսկ աննախադեպ ձևակերպումներով տվեց ազդակներ։ Վրաստանը, ես երբեք չեմ լսել, որ Վրաստանը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին խոսելիս ասի՝ կենսական անհրաժեշտություն։ Վրաստանի վարչապետը Երևանում օգտագործեց այդ ձևակերպումը՝ ասելով, որ հայ-վրացական հարաբերությունն ազդագիր է միջազգային քաղաքականության համար և կենսական նշանակություն ունի ռազմավարական գործընկերությունը։
Երևանը պետք է այս ազդակներն ընդունի, որովհետև երկուսս էլ շատ էական շահեր ունենք, և մարտահրավերներ, և շահեր։ Եվ երկուսի ջանքերն ընդհանուր առմամբ համատեղելը, հասկանալի է՝ նաև շատ հարցերում տարբեր պատկերացումներով, բայց այս երկուսի շահերը համատեղելը և ջանքերը համատեղելը զգալիորեն կբարձրացնի էֆեկտիվությունն այս միջավայրում մանևրելու և ինչ-որ ընդհանուր խնդիրներ լուծելու։
VERELQ. Ձեր կարծիքով այս ամեն ինչի ֆոնին Հայաստանում կշարունակե՞ն ավելի այսպես ուժեղ հնչել, ինչպես մինչև հիմա են հնչել՝ դեպի Եվրոպական միություն գնալու, Եվրամիությանն անդամակցելու և Ռուսաստանից հեռանալու մասին, բան՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններ, այդ թվում իշխանությունների բերանով, թե՞ գոնե իշխանավորներն ու իրենց հարող փորձագետներն ավելի այսպես զգուշավոր կդառնան։
Հակոբ Բադալյան. Ես կարծում եմ, այստեղ շատ էական փոփոխություններ հազիվ թե լինեն, որովհետև այս թեման Հայաստանի իշխանությունը, իմ խորին համոզմամբ, ավելի շատ օգտագործել է ներքաղաքական սպառման նկատառումով։ Այսինքն՝ այստեղ միշտ, ըստ իս, իմ տպավորությամբ եղել է գերակա հենց այդ ներքաղաքական սպառման խնդիրը, և առավել ևս ընտրական պրոցեսում, ընտրական տարում, այդտեղ ես չեմ կարծում, որ իշխանությունն այդպես ակնհայտ նահանջներ թույլ տա, որովհետև դա իր վարկանիշի համար կարող է առանց այդ էլ բարդ վարկանիշային վիճակում կարող է էլի որոշակի նվազում առաջացնել։
Այլ կերպ ասած՝ կան Եվրոպական Միությունից ակնկալիքներ, օգտագործում են դա որոշակի քաղաքական և ընտրական դիվիդենդներ ստանալու համար։ Գիտեն, որ դա որոշակի հանրային շրջանակում պոպուլյար թեմա է, և դրա համար միայն այդ խոսակցության համար մարդիկ պատրաստ են ձայն տալ, կոպիտ ասած, և ես կարծում եմ՝ Երևանը պատրանք չունի Եվրամիությունից ակնկալիքների մասով։ Ես անկեղծ ասեմ, ես խորապես համոզված եմ, որ Փաշինյանն ինչ-որ առանձնապես պատրանքներ չունի, առանձին Փաշինյան եմ ասում և ոչ ամբողջ քաղաքական ուժը։ Բայց դա թեմա է, որը ձայն բերող է, իսկ ձայնի խնդիր այսօր առավել ևս ունեն, որովհետև գործնականում ձայն բերելու ուրիշ ռեսուրսներ կարծես թե չկան, և այդ հազվադեպ ռեսուրսները, ես կարծում եմ, չեն մսխի ու կշարունակվի այդ հռետորաբանությունն ընդհանուր առմամբ, կարծում եմ, նույն դինամիկայով։