Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին
Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը և արհեստների վարպետներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ հեղինակավոր այս միջոցառմանն ամեն տարի Հայաստանը ներկայացնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետները՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության վարպետ Մարինե Ղարիբյանը և տիկնիկագործ Թագուհի Ասատրյանը։ Հիմնականում ներկայացվում են հայկական գործվածքը (կարպետներ, ասեղնագործ և թաղիքից պատրաստված աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ) և հուշանվերներ, զուգահեռ իրականացվում են ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր:
Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոներին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է 2022 թվականի հուլիսի 4-ին Երևանում կայացած «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում hայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության» դրույթներում: Այն ուղղված է Հայաստան-Հնդկաստան մշակութային համագործակցության խթանմանը` ընդգծելով երկու ժողովուրդների մշակութային կապերն ու համատեղ ավանդույթները։