ԵԱՏՄ շուկա արտահանվող հայկական ապրանքները կստանան թվային նույնականացում
Լուսանկարը` Aurora News
Հայաստանը անցնում է արտահանվող ապրանքների թվային նույնականացման նոր համակարգի, որը կապահովի դրանց ճանաչելիությունը Եվրասիական տնտեսական միության շուկայում։
Փետրվարի 6-ին կառավարությունը հավանություն տվեց համապատասխան նախագծին, որի ներդրումը կսկսվի 2025 թվականի մարտից։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով, նոր համակարգը կներդրվի փուլային եղանակով՝ ըստ ապրանքախմբերի։ Առաջին փուլում՝ 2025թ. մարտի 1-ից, կդրոշմավորվեն ըմպելիքները և պահածոյացված մթերքը, հունիսից՝ կաթնամթերքը, սեպտեմբերից՝ յուղերը, իսկ 2026թ. հունվարից՝ դեղերը, կոսմետիկան և օծանելիքը։
Նոր համակարգը, ի տարբերություն նախկինի, թույլ կտա հատի ճշտությամբ վերահսկել ապրանքների շարժը և կրճատել ստվերային շրջանառությունը։ Միաժամանակ, տնտեսվարողները հնարավորություն կստանան խմբային դրոշմավորում իրականացնել՝ կրճատելով ծախսերը։