6.02.2025
Ռուբինյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը
prev Նախորդ նորություն

Մինչև 20 հեկտար նոր ջերմատուն. գործադիրը հաստատեց 15 միլիարդ դրամի սուբսիդավորման ծրագիր

Լուսանկարը` mineconomy.am
Լուսանկարը` mineconomy.am

Հայաստանի կառավարությունը փետրվարի 6-ին հաստատեց ջերմատնային տնտեսությունների զարգացման նոր ծրագիր, որը նախատեսում է մինչև 15 միլիարդ դրամի սուբսիդավորվող վարկերի տրամադրում խոշոր ներդրողներին։ Ծրագիրը թույլ կտա մեկ շահառուին հիմնել մինչև 20 հեկտար տարածքով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատուն։


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ ներկայումս Հայաստանում գործում է շուրջ 1500 հեկտար ջերմոց և ջերմատուն, որից միայն 250 հեկտարն է աշխատում ժամանակակից տեխնոլոգիաներով։ 2019-2024 թվականներին պետական աջակցության ծրագրի շրջանակներում արդեն հաստատվել է 56 հեկտար ջերմատուն հիմնելու հայտ, որից 15.3 հեկտարն արդեն ընդգրկվել է զարգացման ծրագրում։


Նոր ծրագիրը նախատեսում է վարկերի սուբսիդավորման տարբերակված մոտեցում՝ կախված գումարի չափից։ Մասնավորապես, մինչև 3 միլիարդ դրամի դեպքում կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով, 3-9 միլիարդ դրամի դեպքում՝ 9 տոկոսային կետով, իսկ 9-15 միլիարդ դրամի դեպքում՝ 8 տոկոսային կետով։
Նախարարը նշել է, որ գործող ծրագրերը, որոնք առավելագույնը 3 միլիարդ դրամի վարկ են տրամադրում, հնարավորություն են տալիս հիմնել ընդամենը 4-5 հեկտար տարածքով ջերմատներ։ Նոր նախաձեռնությունը միտված է խոշոր ներդրումային ծրագրերի իրականացմանը և արդեն իսկ ստացվել են մի շարք հայտեր։


Կառավարության նպատակն է մինչև 2026 թվականի ավարտը հիմնել 35 հեկտար ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներ։ Սա, ըստ նախարարի, թույլ կտա էականորեն ավելացնել ոչ միայն արտադրության, այլև արտահանման ծավալները։

Լուսանկարը` Aurora News
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից