Ինչո՞վ է ճանաչելի Հայաստանը Շվեյցարիայում. երաժիշտ Սոնա Շաբոյանը գիտի պատասխանը
Երաժիշտ Սոնա Շաբոյանն, ով արդեն երկար տարիներ բնակվում է Շվեյցարիայում, սկզբում երաժշտության միջոցով էր այնտեղ ներկայացնում Հայաստանը, իսկ վերջին տարիներին նա սկսեց միավորել տարբեր հարթակներ։
Նա 11 տարի առաջ ստեղծեց Heres մշակութային հիմնադրամը, որի նպատակն է կամուրջ լինել Հայաստանի եւ Շվեյցարիայի մշակույթների միջև: Իսկ 7 տարի առաջ նա նախաձեռնեց նաև Heres wine-ը։
Շաբոյանը երաժշտական կրթությունը ստացել է Երևանում, այնուհետ մեկնել Գերմանիա, որից հետո բնակություն հաստատել Ցյուրիխում։
«Շվեյցարիայում բազմաթիվ համերգներ եմ ունեցել, բայց հետո եկա այն մտքին, որ կարելի է այստեղ խոսել և ցույց տալ հայկական մշակույթը և ոչ միայն երաժշտության միջոցով։ Երկար աշխատանքների և գաղափարների արդյունքում արդեն կան մի քանի տարբեր միջոցառումներ, որոնցից մեկը գարնանային գինու մեծ փառատոն Expovina Primavera-ն է, որն այս տարի տեղի կունենա մարտի 27-ից ապրիլի 4-ը։ Այստեղ ներկայացվելու են բազմաթիվ հայկական գինիներ, որոնք էլ ավելի ճանաչելի են դառնում հատկապես գինու աշխարհի ներկայացուցիչների և գինու սիրահարների շրջանում։ Մենք փորձում ենք ներկայացնել հայկական այն գինու գործարաններն ու արտադրանքները, որոնք ունեն անցած ճանապարհ, որակ և բարձր չափանիշներ։ Ամենագլխավորը, որ գինիները լինեն հայկական խաղողների տեսակներից»,- նշում է Սոնա Շաբոյանը։
Նրա խոսքով` Հայաստանի ճանաչելիության ուղղությամբ շատ ավելի լայն շրջանակներ ներգրավելու համար հարկավոր են տարբեր բնույթի միջոցառումներ։ Դրանցից մեկը հայկական լավաշի մասին կլինի` ավելին, քան պարզապես հացը։ Շաբոյանի առաքելությունն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական լավաշը շվեյցարական շուկա բերել։
«Ելնելով այսօրվա իրականությունից, երբ աշխարհում ամեն ինչ շատ արագ է առաջ գնում և զարգանում` հարկավոր է հասցնել ժամանակին համընթաց գնալ։ Դրանով է պայմանավորված լայն շրջանակներ ընդգրկելը և արագ աշխատելը, քանի որ յուրաքանչյուր օրը կարող է նպաստել իմ դեպքում շվեյցարացուն Հայաստանի հետ ծանոթացնելու գործին։ Սա պատասխանատու և կարևոր նախագիծ է, ցանկալի կլիներ լավաշը ներկայացնելու գործում Հայաստանի կողմից որոշակի պետական աջակցություն լիներ։ Դա կնպաստեր լավաշով մեզ ճանաչելու գործընթացին»,-կարևորում է Շաբոյանը։
Նախորդ տարի հիմնադրված NetworkArmenia.ch կազմակերպության խորհրդի կազմում լինելով` նա նաև նախատեսում է կամրջել երկու երկրների մշակույթները, որից անմասն չեն մնա կրթամշակութային միջոցառումները և բիզնես փոխհարաբերությունները։
Իսկ արդեն «Գինի և կինո» գաղափարի շուրջ մարտի 1-ին նախատեսվում է Շվեյցարիայի հայերի հանդիպումը վերջին շրջանում մեծ հետաքրքրություն ունեցող հայկական առաջին սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար Աննա Մաքսիմի հետ։ Ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը նրան կարող է ուղղել իրեն հուզող հարցերը։
Իսկ մայիսին Ցյուրիխում լինելու է նաև հայկական խոհանոցը ներկայացնող մեծ նախագիծ, որի մանրամասները կլինեն առաջիկայում։
Դաշնակահար Շաբոյանի գաղափարով` Հայաստանը բացահայտելու հաջորդ ակորդը կլինի մշակութային և գինեգործական շրջագայություններ շվեյցարացի գուրմանների համար արդեն մեր երկրում։