Առողջապահական համակարգում խնդիրները շատ են․ չներդրված ապահովագրություն, ձախողված կանխարգելիչ ծրագրեր, հաճախ անհասանելի պետպատվեր, միմյանց հակասող ախտորոշումներ, թանկ գներ, դեղերի անհասանելիություն և այլն։ Համակարգն այս պահին ոչ մի տրամաբանությամբ չի գործում. այս մասին
«Իրազեկ սպառող» հաղորդաշարի շրջանակում հայտարարեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը:
Նրա խոսքով, համակարգն այս պահին ոչ մի տրամաբանությամբ չի գործում, առողջապահությունն ինչքան զարգացնենք, այնքան հիվանդաբուժությունը կնվազեցվի, եւ դա պարզապես տեքստեր չպետք է լինեն․ սկսած բյուջեից, վերջացրած ծրագրերի կառուցվածքից։
"2016 թվականից Հայաստանի Հանրապետությունում համաշխարհային բանկի օգնությամբ իրականացվեցին կարևոր սկրինինգային ծրագրեր՝ արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը, շաքարային դիաբետի եւ հիպերտոնիկ հիվանդության սկրինինգային ծրագրերը, որոնք շատ բարձր կատարողական ունեցան, և երբ ամփոփվեցին, մենք դրանից դասեր պետք է քաղեինք, բայց մենք ի՞նչ արեցինք, մեկ էլ որոշ մասնագետներ հայտարարեցին, որ այդ սկրինինգային ծրագրերը ճիշտ արված չէին, եւ չի հիմնավորվել մինչեւ վերջ, ինչու ճիշտ արված չէր, բայց դրա համար պետությունը բավականին գումարներ հատկացրեց",- նշեց նա։
Հետո, շարունակեց Պողոսյանը, որոշեցին անել պիլոտային ծրագրեր, ուղիղ աղու քաղցկեղի հետ կապված, պիլոտները արեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնում և Գյումրու բժշկական կենտրոնում։ Նա, ի դեպ, ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի բոլոր փորձարարական ծրագրերը, չգիտես ինչու, կատարվում են Սուրբ Գրիգոր լուսավորիչ ԲԿ-ում.
"Երբ այդ սկրինինգը ավարտվեց, կրկին պարզվեց, որ ծրագիրը սխալ էր արվել։ Այսինքն մենք դա էլ դրեցինք մի կողմ"։
Խոսելով առողջության պահպանման գործում տեսչական մարմինների դերից և նշանակությունից, որոնք պետք է նաև կանխարգելող գործառույթ իրականացնեն, Պողոսյանը նշեց, որ դրանք շատ կարևոր նշանակություն ունեն, քանի որ միակ ստուգող և իրազեկող մարմինն են, սակայն գործունեության տրամաբանությունը բաացակայում է նաև իրենց աշխատանքում.
"Օրինակ, ահազանգ ենք ստացել, որ դպրոցում աշխատող խոհարարը վարակված է եղել ստաֆիլակոկով, գնացել են դպրոց 10 օր անց՝ թույլ տալով այդ հիվանդ աշխատակցին 10 օր փռշտալ երեխաների ուտելիքի վրա։ Ու որ ոչ պակաս կարևոր է, ոչ մեկին չի հետաքրքրել, որ հիվանդանոցը կեղծել և առողջության վերաբերյալ սխալ փաստաթուղթ է տրամադրել, և հիվանդանոցին թողած, տուգանել են դպրոցի տնօրենին",- օրինակ բերեց նա:
Ինչպե՞ս է ստացվում, որ հանրային առողջապահական ծրագրեր իրականացնելիս հանրային լայն աջակցությունը բացակայում է հարցին ի պատասխան Անուշ Պողոսյանը նշեց, որ առաջինը տրամաբանության բացակայությունն է, երկրորդը՝ մատուցման ձևը, քանի որ պետք է դուրս գալ անձերից և մտածել համակարգերի մասին: Նա որպես օրինակ մատնացույց արեց գյուղական ամբուլատորիաների խոշորացումը, որոնք նախքան խոշորացումն ունեին պատվաստումներում ավելի մեծ ընդգրկվածություն, իսկ խոշորացումից հետո այդ ցուցանիշը կտրուկ նվազել է, և անհանգստանալու փոխարեն, այդ օպտիմալացումը տարածվում է ամբողջ հանրապետության վրա։