Հայաստանում մեկնարկում է մսուրային խմբերի հասանելիության ընդլայնման փորձնական ծրագիր
Լուսանկարը` vogazeta.ru
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնում է նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման փորձնական ծրագիր՝ շեշտադրելով մսուրային խմբերը։ Այս մասին կառավարության հունվարի 30-ի նիստում հայտարարեց նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով, մսուրային խմբերի սահմանափակ հասանելիությունը նախադպրոցական կրթության ոլորտի ամենասուր խնդիրներից մեկն է։ Նոր նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է վերանայել տարիքային շեմերը և նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման կարգը։
Փորձնական ծրագիրը կընդգրկի շուրջ 200 երեխա 10 խմբում և կիրականացվի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Հրազդանի ընտրված նախադպրոցական հաստատություններում։ Համայնքների և հաստատությունների ընտրությունը կատարվել է ՏԿԵՆ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ քննարկումների արդյունքում։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 175 միլիոն դրամ և կֆինանսավորվի պետական բյուջեից՝ նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում։ Փորձնական ծրագրի արդյունքներով նախատեսվում է մշակել ծառայությունների նոր ստանդարտներ՝ հետագայում դրանք լայնածավալ ներդնելու նպատակով։