Կառավարությունը բարեփոխում է կրթական հաստատությունների կառավարման համակարգը
Լուսանկարը` gov.am
Կառավարությունը հունվարի 23-ի նիստին հավանություն է տվել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններին, որով սահմանվում են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների կառավարման միասնական չափանիշներ։
Նոր օրինագիծը սահմանում է կրթական հաստատությունների գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը։ Հատուկ ուշադրություն է դարձվում մանկավարժական և վարչական անձնակազմին ներկայացվող պահանջներին, պետական ֆինանսավորման և վերահսկողության մեխանիզմներին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով, բարեփոխման նպատակն է ստեղծել գույքի և ֆինանսների կառավարման ավելի արդյունավետ մոդել։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է 2023 թվականին մեկնարկած արտադպրոցական կրթության կամավոր ատեստավորման ծրագրի հաջողությունը։ 2024-ին մասնակցել է 465 մանկավարժ և մարզիչ՝ նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի։ 206 ատեստավորված մասնագետ պետական բյուջեից ստանում է 60-100 հազար դրամի հավելավճար։
Ծրագիրն ընդգրկում է սպորտի 12 և արվեստի 8 ուղղություն։ Նախարարի խոսքով, սա օգնում է լուծել արտադպրոցական կրթության ոլորտում մասնագետների ներգրավման խնդիրը և աջակցել համայնքներին, որտեղ տեղական բյուջեն սահմանափակ է։