23.01.2025
Փեզեշքիանն ու Մուստաֆաևը քննարկել են տարածաշրջանային հարցեր
prev Նախորդ նորություն

Հայաստանը մեկնարկում է դեպի ԵՄ երկրներ և Մեծ Բրիտանիա արտահանողների աջակցման ծրագիր

Հայաստանի կառավարությունը քննարկել է արտահանման դիվերսիֆիկացման խթանման ծրագրի նախագիծը: Հունվարի 23-ի նախարարների կաբինետի նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է արտահանողների պետական աջակցության նոր երկամյա ծրագրի մանրամասները:


Ծրագիրը նպատակաուղղված է հայկական ծագման մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման աջակցմանը դեպի Եվրոպական Միության երկրներ և Մեծ Բրիտանիա: Ծրագրից դուրս են մնացել ծխախոտային արտադրատեսակների, նավթամթերքի, հիմնական մետաղների, ոսկերչական իրերի և մետաղադրամների արտադրողները:


Նախարարի խոսքով՝ արտահանման ուղղության ընտրությունը պայմանավորված է շուկայի մասշտաբով․ ԵՄ երկրների և Մեծ Բրիտանիայի բնակչությունը կազմում է շուրջ 450 միլիոն մարդ, ինչը նշանակալի հնարավորություններ է բացում հայկական արտադրողների համար:


VERELQ-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը՝ 2024 թվականի 11 ամիսների ընթացքում 11.6 մլրդ դոլար ապրանքաշրջանառությամբ, արձանագրելով 71.6% աճ: Ընդ որում, Ռուսաստան արտահանումը նվազել է 10.1%-ով՝ նախորդ տարվա 3.3 մլրդ դոլարից մինչև 2.95 մլրդ դոլար 2024 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում, մինչդեռ Ռուսաստանից ներմուծումն աճել է 2.5 անգամ՝ հասնելով մոտ 8.6 մլրդ դոլարի:


Հաշվետու ժամանակահատվածում աճել է նաև Ռուսաստանի տեսակարար կշիռը արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում՝ նախորդ տարվա 38.6%-ից հասնելով 42.2%-ի:


Մինչդեռ Եվրոպական միության երկրների հետ առևտուրը, ընդհակառակը, նվազել է 14.1%-ով՝ կազմելով 2.1 մլրդ դոլար: Եվրոպական գործընկերների շարքում առաջատար դիրքեր են զբաղեցնում Գերմանիան՝ 444 մլն դոլար շրջանառությամբ, Իտալիան՝ 382 մլն դոլար և Նիդեռլանդները՝ 167 մլն դոլար: Ուշագրավ է, որ եվրոպական երկրների մեծ մասը բացասական դինամիկա է ցույց տվել Հայաստանի հետ առևտրում: