16.01.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Փարաքարում տեղի կունենան արտահերթ ընտրություններ. ՔՊ-ն կանցկացնի նախնական քվեարկություն

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Կառավարությունը հունվարի 16-ի նիստում որոշում է կայացրել վաղաժամկետ դադարեցնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել արտահերթ ընտրություններ։ Այս որոշումը կայացվել է համայնքի ղեկավարի ընտրության անհաջող փորձից հետո։


Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու անդամների մեկ երրորդը նախաձեռնել էր նիստ՝ նոր ղեկավարի ընտրության օր սահմանելու համար։ Նոյեմբերի 29-ի նիստում արտահերթ ընտրության օր էր սահմանվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ը։ Սակայն, ինչպես նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, խմբակցությունների կողմից որևէ թեկնածու չի առաջադրվել։


«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ համապատասխան արձանագրություններից հետո երկշաբաթյա ժամկետում կառավարությունը պետք է որոշում կայացներ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և նոր արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ ընտրությունները կանցկացնի 2025 թվականի առաջին ընտրական օրը՝ մարտի 31-ին։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առաջիկա ընտրությունների առանձնահատկությունը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն երկրորդ անգամ կանցկացնի նախնական քվեարկություն (փրայմերիզ)։


Նախնական քվեարկության հաղթողը մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ «Սա ժողովրդավարական ևս մեկ կարևոր ինստիտուտ է, որը կայանում է Հայաստանի Հանրապետությունում։ Այստեղ ամեն ինչ բաց է, պարզ և թափանցիկ», - նշել է կառավարության ղեկավարը։

Լուսանկարը` mastermilk.com
Հաջորդ նորություն next