VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօրվա ամենաուշագրավ հրապարակումները:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «
Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ քաղաքական պայքարի մեջ մտնելու նշաններ է ցույց տալիս: Նրա և Սարգսյանի անհարթ հարաբերությունները վաղուց գաղտնիք չեն: Մինչև հիմա միայն Սարգսյանն էր վարչապետին հարվածներ հասցնում, իսկ Կարապետյանը փորձում էր հասկանալ` ինչ է կատարվում: Կարծես թե, արդեն հասկացել է և սկսել է գործել: Տպավորություն կա, որ հանրապետության երկու ամենաբարձր պաշտոնյաներն առհասարակ չեն խոսում իրար հետ: Պաշտոնական հանդիպումներ նրանց միջև չեն լինում, աշխատանքային` նույնպես, միաժամանակ նույն վայրում գտնվելու դեպքում էլ, գոնե տեսախցիկների առաջ նրանք երբեք չեն շփվում:
Փետրվարի 22-ին Սերժ Սարգսյանն անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Կադրերում երևում է, թե ինչպես մտնելով նիստերի դահլիճ Սարգսյանը վարչապետի ձեռքն անգամ չի սեղմում, ինչը կարծում ենք արարողակարգի պահանջ է: Նա այդկերպ ողջունում է միայն ԱԺ նախագահին: Անցյալ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր Կարապետյանին Մոսկվայից Հայաստան հրավիրել Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները լիցքաթափելու համար: Մոսկվան մեծապես դժգոհ էր Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների և խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու որոշումից: և Կարապետյանի նշանակումը յուրահատուկ կոմպրոմիս էր` Հայաստանը կլինի խորհրդարանական հանրապետություն, բայց երկրի ղեկավարը ռուսական գործարար էլիտայից կնշանակվի:
Արդեն գրել ենք, որ Սարգսյանը հույս ուներ (և մինչև հիմա էլ նպատակասլաց աշխատում է այդ ուղղությամբ), որ Կարեն Կարապետյանը երկար չի մնա այդ պաշտոնում, ի վերջո հրաժարական կտա: Կարապետյանի պաշտոնավարման առաջին ամիսները բավարար էին, որպեսզի ՌԴ-ում նույնպես հասկանան, որ սխալ անձ են գործուղել Երևան: Ճիշտ է, Մոսկվան դեռ շարունակում է աջակցել վարչապետին, և բարձր մակարդակով բոլոր զրույցների ժամանակ տրվում է նրա անունը, ինչպես եղավ նաև Նալբանդյան-Լավրով վերջին ասուլիսի ժամանակ: Սակայն ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ նրա հետ մեծ հույսեր այլևս չեն կապում:
Վարչապետի վերջին շրջանի գործունեությունը ցույց է տալիս, որ նա որոշել է այնուամենայնիվ վաստակել այլընտրանքի կարգավիճակը: «Մեդիամաքս»-ի հետ փետրվարի 21-ի հարցազրույցում հարցին`դուք ձեզ քաղաքական գործիչ համարո՞ւմ եք, Կարապետյանը պատասխանում է. «Աստիճանաբար դառնում եմ»: Նույն հարցազրույցում Կարապետյանի սենսացիոն հայտարարությունը, թե իր կարծիքով 2018-ին ինքը կբավարարի վարչապետի պաշտոնը ստանձնելու սահմանադրական պահանջը, հենց այդպիսի հատկություն ցուցադրելու փորձ էր: Նման մի փորձ էր նաև Սահմանադրական բարեփոխումների և իրավական անվտանգության թեմաներով Սարգսյանի հրավիրած ԱԽ նիստի հաջորդ օրը կառավարության նիստում Արդարադատության նախարարին նույն թեմայով հանձնարարականներ տալը»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ օրերս նախաքննական մարմնի որոշմամբ «Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Վարդան Օսկանյանի որդի Արա Օսկանյանը, որ մեղադրվում էր իր մորաքրոջ որդու ընկերոջն առևանգելու և ապօրինաբար ազատությունից զրկելու մեջ, ազատ արձակվեց՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:
Արա Օսկանյանի և նրա մորեղբոր որդու գործողություններից տուժած
Նժդեհ Բերբերյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում նախաքննական մարմնի այդ որոշմանը և հնարավո՞ր է բողոքարկի այն. «…վարույթն իրականացնող մարմինը ընտրել է ստորագրությունը չհեռանալու մասին հավանաբար կալանավորման համար բավարար հիմքեր չունենալու պատճառով: Որոշումը բողոքարկելու անհրաժեշտություն իմ վստահորդը չի տեսնում»,- ի պատասխան մեր գրավոր հարցման նշել է Խուդոյանը: Իրականում, մեր տեղեկություններով, Բերբերյանի և Օսկանյանի վեճի թեման փակված է: Լուրեր կան, որ վերջիններիս հաշտեցնելու համար Բերբերյաններին է այցելել նույնիսկ Վարդան Օսկանյանի կինը՝
Նանի Օսկանյանը: Վերջինիս այցի արդյունքում Բերբերյանի բողոքը հետ է վերցվել, իսկ խնդրո առարկա 1.5 միլիոն դրամի պարտքը համարվել «ջրված»: Երբ փորձեցինք նշված լուրերը ճշտել Նանի Օսկանյանից՝ վերջինս ասաց, թե զբաղված է և չի կարող խոսել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ճի՞շտ է, որ
Գագիկ Ծառուկյանը եւ
Սեյրան Օհանյանը հաճախակի հանդիպում են, «Հրապարակ»-ը հարցրել է «Ծառուկյան դաշինքի» մամլո պատասխանատու
Իվետա Տոնոյանին։ «Այս պահին նման հանդիպումների մասին տեղեկատվություն չունեմ, սակայն առժամանակ առաջ, այո, բազմաթիվ անգամներ
Սեյրան Օհանյանը եկել է Գագիկ Ծառուկյանի մոտ հանդիպման»: Ի՞նչ օրակարգով։ «Ես ընդամենը հանդիպման փաստն եմ ֆիքսում, որ` այո, Սեյրան Օհանյանը եկել է Ծառուկյանի մոտ բազմիցս. քննարկումների բովանդակային մասին անդրադառնալու կոմպետենտություն չունեմ»: Տեղեկատվություն կա, որ Օհանյանն առաջարկել է Ծառուկյանին միասնական գնալ նախընտրական փուլում, Ծառուկյանը մերժել է, առաջարկել է խորհրդարանում հայտնվելուց հետո անդրադառնալ դրան։ Այդպե՞ս է։ «Ես ասացի, ինչ ասացի»:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջև լարվածություն է առաջացել ու այն խորանալու միտում ունի: Լարվածությունը մեծ է հատկապես
Մարտուն Գրիգորյանի ու Արման Սահակյանի միջև: ՀՀԿ-ն այնտեղ առաջադրել է Մարտուն Գրիգորյանին, Արման Սահակյանին,
Ֆելիքս Ցոլակյանին, Սուքիաս Ավետիսյանին, Մուշեղ Պետոյանին և մի քանի այլ թեկնածուների: Մ. Գրիգորյանն ու Ա. Սահակյանը, ինչպես գրել ենք, նախ թույլ չտվեցին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչիկ Բալասանյանն առաջադրվի: Բալասանյանը Գրիգորյանի հետ պարտավորվածություն ունի, որ ԱԺ ընտրություններում նրան է պաշտպանելու, քանի որ վերջինս էլ իրեն է օգնել դառնալ քաղաքապետ: Բալասանյանի օգնությունը կարող է ավելացնել Մ. Գրիգորյանի հնարավորությունը, ինչը դուր չի գալիս մյուսներին ու հատկապես Ա. Սահակյանին: Այդպիսով Մ. Գրիգորյանը կարող է նրանցից շատ ավելի ձայներ ստանալ: Շիրակի մարզում ՀՀԿ շտաբի համակարգող Սամվել Նիկոյանը, սակայն, հերքում է, որ իրենց թեկնածուները լարված են միմյանց դեմ: «Մեր բոլոր թեկնածուները լարված աշխատում են մեր կուսակցության համար: Նրանց միջև լարվածություն չկա»,- մեզ հետ զրույցում ասաց նա»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի հետ կամուրջներն այրելուց ու Ծառուկյանի ցուցակում որդուն տեղավորելուց հետո բավական բարդացել է Մհեր Սեդրակյանի վիճակը։ ՀՀԿ-ն որոշել է վերջնականապես «կարգալույծ» հռչակել և «գահընկեց» անել
Թոխմախի Մհերին, ում բազմաթիվ քրեական հանցագործությունները չնկատելու են տվել ՀՀ բոլոր իշխանությունները։ ՀՀԿ վերնախավի որոշմամբ՝ Էրեբունի համայնքը հանձնվում է այլ քրեականների՝ Պիստին ու Վստրեչի Ապերին։ Մհեր Սեդրակյանը ի պատասխան՝ օգնություն է խնդրել ՀՀԿ-ի իր ընկերներից, մասնավորապես
Գագիկ Բեգլարյանից, սակայն նրանք չեն կարողացել կամ չեն ցանկացել օգնել Սեդրակյանին։ Ստեղծված իրավիճակում, սակայն, Սեդրակյանը կարողանում է դեռևս պահպանել իր դիրքը հանցագործ աշխարհում։ Հայտնի է, որ Երրորդմասցի Լյովիկի սպանության մեջ մեղադրվող Գաստրիկը, Ծգլը, Տլեն հենց Մհեր Սեդրակյանի շնորհիվ են արդեն երկու տարի թագավորական կյանքով ապրում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»։