15.01.2025
ԱԱԾ-ն կանխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում հայ գործարարները մտահոգված ԵԱՏՄ-ից ՀՀ հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումներով

Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարար համայնքի ներկայացուցիչները խորապես մտահոգված են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներով։ Այդ մասին հայտարարել է Հայ ձեռներեցների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերը, գրում է 168.am-ը:


«Գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի տնտեսության կայունության համար, որտեղ արտաքին առևտրաշրջանառության գրեթե կեսը բաժին է հասնում ԵԱՏՄ երկրներին»,- նշել է նա։


Պատասխանելով ԵԱՏՄ-ի հետ կապերի հնարավոր խզման հետևանքների մասին հարցին՝ Կարապետյանը մատնանշել է բացասական հետևանքները. մաքսատուրքերի ներդրումը կարող է բարդացնել արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան՝ նվազեցնելով ապրանքների մրցունակությունը։ Սա կհարվածի նաև ներդրումային միջավայրին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում Ռուսաստանը հիմնական ներդրողն է:


Կարապետյանը նշել է նաև, որ ԵԱՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից, իսկ միությունից դուրս գալը կբարդացնի Ռուսաստանում աշխատուժի համար իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել դեպի Հայաստան տրանսֆերտների նվազմանը։


Կարապետյանը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդրին։


«Այսօր չափազանց կարևոր է կենտրոնանալ երկրի անվտանգության խնդիրների վրա, այդ թվում՝ տնտեսական կայունության և մրցունակության բարձրացման միջոցով, և ոչ թե քաղաքական հավակնությունները վեր դնել տնտեսական շահերից։ Նման մոտեցման հետևանքների օրինակները մենք կարող ենք տեսնել Վրաստանի իրավիճակում, որտեղ քաղաքական որոշումները բացասաբար են ազդել երկրի կայունության վրա»,- ասել է նա։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են խնդիրներ. ՄԻՊ
Հաջորդ նորություն next