15.01.2025
Վաշինգտոնում կստորագրվի ՀՀ և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը
prev Նախորդ նորություն

Ալիևի հայտարարությունները մարտահրավեր են ԵՄ հիմնարար սկզբունքներին․ Հիպեր

Կարևոր է, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը բարի կամքով բանակցեն չլուծված բոլոր հարցերի շուրջ՝ խուսափելով սուր հռետորաբանությունից և ուժի կիրառման սպառնալիքներից։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրոպական միության (ԵՄ) արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը, հաղորդում է Արմենպրեսը։


Նա վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցել կողմերին տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։ Հիպերը շեշտել է, որ կողմերին խրախուսում են շարունակել իրենց երկխոսությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբավարարեն նրանց համապատասխան մտահոգությունները։
Նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ դրանք սպառնալիք են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելությանը, այլև մարտահրավեր են Եվրոպական միության հիմնարար սկզբունքներին և անվտանգությանն առհասարակ։ «ԵՄ-ն մշտապես կոչ է անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել խաղաղության գործընթացին», – ասել է Անիտա Հիպերը։


Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը երկու կողմերի հետ՝ ներառյալ կարգավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությունները։ Այս դիրքորոշումը կրկնվել է նաև ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոի այցերի ընթացքում, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահի վերջին զրույցներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հիպերը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել երկու կողմերին էլ՝ գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, որոնք կբերեն տարածաշրջանում կայունության և խաղաղության։


Անդրադառնալով Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիային Հայաստանի դեմ և Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության տեղահանությանը՝ Անիտա Հիպերը հայտնել է, որ ԵՄ-ն աջակցում է կարգավորման գործընթացին՝ ներառյալ տեղահանված բնակչության հետ կապված խնդիրների լուծումը։ Նա շեշտել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել երկխոսությունը երկու կողմերի հետ՝ լուծելու չլուծված հարցերը։


«Բրյուսելի գործընթացի» շրջանակներում կատարված աշխատանքը, ըստ Հիպերի, 2021-2023 թվականներին հնարավորություն տվեց երկու կողմերի առաջնորդներին ակտիվորեն ներգրավվել հիմնական հարցերի քննարկումներում։ Նրա խոսքով՝ սա ապահովեց կառուցվածքային շրջանակ, որն անհրաժեշտ էր կարգավորման գործընթացը առաջ տանելու համար։ ԵՄ-ն հույս ունի, որ 2025 թվականը կբերի ավելի դրական արդյունքներ՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության։


 


 


 

Դատախազությունում տեղի են ունեցել բազմաթիվ կադրային փոփոխություններ
Հաջորդ նորություն next