10.01.2025
Լուսանկարը` radar.am
prev Նախորդ նորություն

ԵՆԲ-ն 236 մլն եվրո կտրամադրի «Հյուսիս-Հարավ» մայրուղու առանցքային հատվածի կառուցման համար

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ֆինանսավորման համաձայնագրի վավերացման նախագծին։ 236 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասշտաբային ծրագրի մասն է կազմում։


Մոտ 60 կիլոմետր երկարությամբ նոր հատվածը ներառում է 4,7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջների և 12,5 կմ երկարությամբ 9 թունելների կառուցում։ Ամենանշանակալի օբյեկտը կլինի 8,6 կմ երկարությամբ Բարգուշատի թունելը, որի ֆինանսավորումը կիրականացվի առանձին։ Ծրագիրը նախատեսում է նաև 11,1 մետր լայնությամբ եռագոտի ասֆալտբետոնե ճանապարհի կառուցում։


Ֆինանսավորումն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, որոնցից յուրաքանչյուրը նույնպես կտրամադրի 236-ական միլիոն եվրո։ ԵՆԲ-ի վարկի պայմանները ենթադրում են միջոցների օգտագործման 5-ամյա ժամկետ՝ 4-30 տարվա ընթացքում մարման հնարավորությամբ։


Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2031 թվականի դեկտեմբեր՝ հետագա երկամյա երաշխիքային ժամկետով։ Ծրագրի իրականացումից հետո իրանական սահմանից մինչև վրացական սահման հեռավորությունը կկրճատվի 556-ից մինչև 490 կիլոմետր, ինչը զգալիորեն կբարելավի տրանսպորտային հաղորդակցությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար՝ դեպի Սև ծով ելքով։

ԵՊՀ-ն կազմակերպում է մանկավարժի հավաստագրման վերապատրաստման եռամսյա դասընթացներ
Հաջորդ նորություն next