10.01.2025
Սրբուհի Գալյանը ներկայացրել է քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն 38 մլն եվրո կհատկացնի Երևանի մանկապարտեզների և պոլիկլինիկաների արդիականացման համար

Լուսանկարը` radar.am
Լուսանկարը` radar.am

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ ներդրումային դրամաշնորհի համաձայնագրի վավերացման նախագծին, որը միտված է Երևանում էներգաարդյունավետության երկրորդ ծրագրի իրականացմանը։


2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված փաստաթուղթը նախատեսում է 38 հանրային շենքերի՝ վեց պոլիկլինիկաների և 32 մանկապարտեզների արդիականացում։


38 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը հիմնականում կֆինանսավորվի եվրոպական աղբյուրներից. ԵՆԲ-ն կտրամադրի 25 միլիոն եվրո վարկ, 11 միլիոն եվրո կտրամադրվի ԵՄ հարևանության ներդրումային ծրագրի դրամաշնորհների և տեխնիկական աջակցության տեսքով։ Երևանի քաղաքապետարանը կներդնի 2 միլիոն եվրո սեփական միջոցներ։


Ծրագրի իրականացումը թույլ կտա մոտ 65 տոկոսով կրճատել արդիականացվող շենքերի էներգասպառումը, բարձրացնել դրանց սեյսմիկ անվտանգությունը և երկարացնել շահագործման ժամկետը։ Կարևոր է նշել, որ ծրագիրը չի նախատեսում լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ Հայաստանի Հանրապետության համար։

ԵՆԲ-ն 236 մլն եվրո կտրամադրի «Հյուսիս-Հարավ» մայրուղու առանցքային հատվածի կառուցման համար
Հաջորդ նորություն next