Մենք պայքարի ենք դուրս եկել ներհանրային լայն Հաշտության օրակարգով՝ պայքարելով ստի և կեղծիքի, ատելության և թշնամության դեմ, որը պարզապես ամենօրյա դրությամբ քայքայում է մեր ընդհանրական կյանքը: Մենք պայքարի ենք դուրս եկել հանուն ճշմարտության և արդարության, հաշտության և սիրո, այսինքն՝ իր ողջ էությամբ այս շարժումը արժեքային և քաղաքակրթական փոփոխության, մեր ինքնության մասին է: Մենք ապրելուն և պետություն կառուցելուն պարզապես այլընտրանք չունենք։ Այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
"Մենք կռվի մեջ ենք, ունենք տարբեր մարտավարություններ ու ռազմավարություններ։ Մեկը մի օր կձախողի, սակայն մյուսը կհաջողի",- ասաց նա:
Նրա խոսքով, իր բոլոր վերելքներով և վայրէջքներով հանդերձ՝ այս անցնող ողջ ժամանակաշրջանում շարժումը մեկ րոպե անգամ չի դադարել և այս ժամանակաշրջանը պարզապես փաստեց, որ մեր ազգն ապրում է փոփոխությունների մեծ ակնկալիքով և սպասում՝ արթնացած հույսերով վերջնականապես ազատագրվելու չարիքի իշխանությունից։
"Ունեցանք Մայիս 9-ը, որն ապացուցեց, որ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, որ մեր ժողովուրդն անտարբեր է, հարմարվել է իր ինքնաոչնչացման գաղափարին և մեռած է՝ սխալվեցին: Մայիս 9-ը մեր արթնության սկիզբն է և վկայությունը, որ մեր ժողովրդի ազատագրման ձգտումը չի կարող մարել",- շեշտեց Սրբազանը:
Ապա ավելացրեց, որ այն սխալները, որոնք եղել են, իրենք վերլուծել են և հասկացել են, որ գոյություն ունի մեկ ճանապարհ ու դրա իրականացումն անխուսափելի է։
"Ես չեն խուսափում սխալներն ընդունելուց և 2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի։ Ես ինքնաարդարացման ոչ մի պատճառ չունեմ։ Ամեն մարդ իր մեղքի գիտակցումը պետք է ունենա ու կրի պատասխանատվություն։ Չեմ խուսափել սխալներն ընունելուց, բայց չեմ էլ հրաժարվել հաջողություններ գրանցելու արձանագրումից",- ընդգծեց նա։
Նաև հավելեց, որ այս պայքարն ընդդիմության պայքարը չէ, արտահերթ ընտրությունները իրենց հետաքրքիր չեն: