27.12.2024
Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին
prev Նախորդ նորություն

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը նշում է 20-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են։ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ դեկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի 2024 թվականի աշխատանքների ամփոփումն ու պարգևատրման արարողությունը:


Պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով.


«Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կայացած ինստիտուտ է, որի կայուն ավանդույթների ձևավորման գործում իրենց ավանդն են ներդրել Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն ու 20-ամյա ինստիտուտի բոլոր ժամանակների աշխատակազմերի ներկայացուցիչները: Այս հաստատությունը մեծ ընտանիք է, որի յուրաքանչյուր անդամ իր գործունեությանը վերաբերում է որպես առաքելության: Շնորհակալ եմ անմնացորդ նվիրումով աշխատանքի համար»։


Տոնական միջոցառմանը հրավիրվել են Մարդու իրավունքների բոլոր նախկին պաշտպանները:


Խոսքով է հանդես եկել Քրիստիննե Գրիգորյանը, փոխանցվել է Կարեն Անդրեասյանի բարեմաղթանքը: Միջոցառմանը ներկա է եղել նաև Արմեն Հարությունյանի որդին՝ Ալեքսանդր Հարությունյանը:


Պարգևատրման արարողության շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչներին հանձնել է անվանական հուշանվերներ և շնորհակալագրեր: Հաստատության նախկին ղեկավարներին և աշխատակիցներին ևս փոխանցվել են հուշանվերներ:


Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20 ամյակին նվիրված ֆիլմը։


Երեկոյի ավարտին շնորհավորական և շնորհակալական խոսքով հանդես են եկել աշխատակազմի ներկա և նախկին ներկայացուցիչները: