23.12.2024
Լուսանկարը՝ gov.am
prev Նախորդ նորություն

Պետական միջոցներով վերականգնվում է Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին

Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները:


Վայոց ձորի Գնդեվազի 17-րդ դարով թվագրվող Սբ Աստվածածին եկեղեցու և դրանում գտնվող որմնանկարի վերականգնման աշխատանքները սկսվել են 2024 թ. և իրականացվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն 2025 թ․:


Եկեղեցում գտնվող որմնանկարը վերանկարվել է 1906 թ․։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով որմնանկարի ամրակայման և վերականգնման նախագիծը 2021-2022 թթ․ իրականացրել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (նախագծի հեղինակ՝ որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյան)։


Որմնանկարների ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով 2024 թ․ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված բաց ընթացակարգով մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռեստարտ 1» ՍՊԸ-ն։ Ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացումից հետո որմնանկարները ծածկվել են պաշտպանիչ թաղանթով։ Այն եկեղեցու ուխտավորների համար հասանելի կդառնա եկեղեցու վերականգնման աշխատանքների ավարտից հետո: