Կոտայքում ընդլայնում են հոլանդական վարդերի արտադրությունը. ներդրումները` 7.5 մլրդ դրամ
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «ՌՈԶ ԱՐՏ» ընկերության հայտին՝ գերակա ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն ստանալու վերաբերյալ։ Ընկերությունը նախատեսում է էականորեն ընդլայնել Կոտայքի մարզում գործող հոլանդական վարդերի աճեցման ջերմոցային տնտեսությունը։
Գործող 26,5 հեկտար ջերմոցային տնտեսությանը կավելանա 6 հեկտար մակերեսով նոր ժամանակակից համալիր։ Այն կհագեցվի ֆրանսիական Ռիշել Գրուպ ընկերության վերջին սերնդի մետաղակոնստրուկցիաներով և սարքավորումներով՝ հիդրոպոնիկ եղանակով բարձրակարգ հոլանդական վարդերի աճեցման համար, ինչպես նաև հատուկ լաբորատոր պայմաններում աճեցված տնկիներով։
Ընդհանուր ներդրումները կկազմեն 7,5 միլիարդ դրամ, որը կուղղվի սարքավորումների, հումքի ձեռքբերմանը և շինարարական աշխատանքներին։ Մաքսատուրքից ազատման արտոնության ենթակա ապրանքների արժեքը գնահատվում է 4,1 միլիարդ դրամ, իսկ արտոնությունը կկազմի 214 միլիոն դրամ։
Ներկայումս ձեռնարկությունում աշխատում է 292 մարդ՝ 370 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 337-ի՝ պահպանելով աշխատավարձի նույն մակարդակը։