VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է․
"Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է, խմբավորումների են բաժանվել, իրար դեմ դուրս եկել, ինքնաոչնչացման գործընթաց է սկսվել։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է թիմը մաքրում անհնազանդներից, կուսակիցներին իրար դեմ հանում` «ինքնաքննադատության» հայտնի նիստերով, որոշ պատգամավորների գաղտնի հանձնարարում է մյուսների կոռուպցիոն գործունեության մասին բարձրաձայնել: Մյուս կողմից՝ սորոսական թեւն է աննախադեպ ակտիվացել, եւ պահանջում են Փաշինյանից` թիմից վռնդել բոլոր այն ՔՊ-ականներին, որոնք կուսակցության ակտիվի նիստերին խոսում են կոռուպցիայի մասին, մեղադրանքներ են հնչեցնում յուրայինների հասցեին` թիմին վնասելով։ Մեզ պատմեցին, որ Հերիքնազ Տիգրանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը եւ այլք, կազմակերպված առաջ են տանում այն գիծը, որ ովքեր թիմում կոռուպցիայի ու կոռուպցիոներների մասին են խոսում, հենց նրանք էլ մամուլին արտահոսքեր են կազմակերպել ու դավաճան են` պետք է հեռացվեն կուսակցությունից:
Հատկապես ակտիվ պայքար են մղում Արփի Դավոյանին, Լուսինե Բադալյանին, Արմեն Խաչատրյանին, Հայկ Սարգսյանին չեզոքացնելու ուղղությամբ։ Թիմում այս խմբակի պահվածքը տարակուսանքի տեղիք է տվել, չէ՞ որ այս զանգվածն էր ժամանակին կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը, այսօր, փաստորեն, դեմ են, որ այդ մասին անգամ քննարկեն։ Ոմանք դավադրապաշտական թեզեր են առաջ քաշում, թե գուցե սորոսականները դեմ են, որ կոռուպցիան քանդի նիկոլական թեւը, եւ իրենք ամբողջ թիմով գան իշխանության"։
«Հրապարակը» գրում է․
"Քաղպայմանագրի» քաղաքական վերջին ժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ ժողովի մասնակից ՔՊ-ական պատգամավորներին, հրահանգել է մարզային ակտիվ այցելություններ կազմակերպել, մոտավորապես հետեւյալ բառապաշարով. «Եթե ԱԺ նիստ չկա, ի՞նչ եք վեր ընկնում ձեր սենյակներում, գնացեք մարզեր, շփվեք ժողովրդի հետ, լսեք նրանց խնդիրները, փորձեք լուծումներ տալ, դուք մենակ պարգեւավճար ու աշխատավարձ ստանալու համար չեք պատգամավոր դարձել։
Ժողովից օրեր անց Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն իրենց ֆեյսբուքյան էջերում հրապարակեցին Կապանում ՔՊ ակտիվի հետ հանդիպման լուսանկարներ, ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն էլ հասել էր Գեղարքունիքի մարզ՝ Դդմաշեն գյուղ: Ինքը` Փաշինյանն էլ տիկնոջ հետ հերթական անգամ այցելեց Շիրակի մարզ՝ Գյումրի: Փաշինյանն այդ ժողովում ասել է նաեւ, որ մարտի 30-ին Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններից առաջ բոլորի խնդիրը պետք է լինի իր անձնական լուման ներդնել Գյումրիում իշխանության հաղթանակի սուրբ գործին"։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«44-օրյա պատերազմից հետո իշխանությունները փորձեցին կրկին ձեւավորել կառավարություն, սակայն իրենց ներկայացրած հնգամյա հայեցակարգերից եւ ծրագրերից շատերը անգամ չեն մեկնարկել։
Հայաստանյան ներկայիս իշխանությունները 2021 թվականի համապետական ընտրություններին ներկայացրին Կառավարության հնգամյա ծրագիր, որը նախատեսված էր իրականացնել 2021-2026 թվականներին։
Այս ծրագրի կետերից մեկի համաձայն՝ Հայաստանում պետք է կառուցվեր 15 փոքր եւ միջին ջրամբար, սակայն 4 տարվա ընթացքում որեւէ ջրամբարի կառուցման մեկնարկ դեռ չի տրվել։
ՏԿԵ նախկին նախարար եւ այժմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում 2021 թվականին հայտարարել էր. «Այս տարի՝ 2020 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ, ես այս ամբիոնից հնչեցրել եմ 1.5 տասնյակ ջրամբարների կառուցման մասին: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում առաջիկա 10-15 տարում փոքր ջրամբարների կառուցման ուղղությամբ: Այստեղ նույնիսկ ցանկն եմ հնչեցրել, որից 4-ը վերաբերել է Վայոց ձորի մարզին: Այդ ցանկի մեջ է Ելփինի ջրամբարը, ինչպես նաեւ Խնձորուտի, Խաչիկի Վերնաշենի ջրամբարները:
Այս ուղղությամբ առաջիկայում աշխատանքներ կտարվեն նախագծային-նախահաշվային փաստաթղթերի ձեւակերպման, եւ 10-ից 15 տարում դրանց ամբողջական կառուցման, խնդիրը լուծելու ուղղությամբ»։
2023 թվականին ՔՊ-ի համար բաղձալի եւ տենչալի, սակայն անիրականանալի ջրամբարների կառուցման ծրագրում մի բան պարզ դարձավ՝ Հայաստանում ջրամբար նախագծող մեկ ընկերություն կար։
Այս նախագիծը նոր չէ. 2019 թվականին Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Միհրան Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ արդեն 22 փոքր ծավալի ջրամբարի կառուցման ծրագիր կա մշակված:
22-ը դարձավ 15. «Հայաստանի ամբողջ ջրամբարներում տարեկան կուտակում ենք 1 մլրդ 200 մլն խմ ջուր: Ընդհանուր առմամբ, Հայաստանում մակերեսային հոսող ջրերի ծավալը մոտավոր 7 մլրդ խմ է, որից ոռոգման նպատակով օգտագործվում է 1մլրդ 500-ից 1 մլրդ 800 մլն խորանարդ մետրը: Մնացածը Հայաստանից հոսում է դուրս՝ հարեւան երկրներ: Մենք նախատեսում ենք ավելացնել ջրամբարների թիվը: Ներկայում 22 փոքր ծավալով ջրամբարների ծրագիր կա մշակված»,- ասել էր Միհրան Հովհաննիսյանը:
Նշված այս 22 ջրամբարի ընդհանուր ծավալը պետք է կազմեր 127 մլն խմ, իսկ ընդհանուր ծրագրի նախնական արժեքը հաշվարկվել էր 220 մլն դոլար։ Անգամ նախատեսվող գումարը հաշվարկված էր, սակայն ծրագիրն այդպես էլ մնաց թղթի վրա։
Իշխանության նպատակն է ջուրն ամբարել Հայաստանի ներսում, սակայն դրա համար չեն կառուցվում միլիոններ արժեցող ջրամբարներ եւ չեն վերանորոգվում ոռոգման ջրի ուղիները, ու արդյունքում Հայաստանն ունենում է ահռելի քանակի ջրային կորուստներ, որոնք թվային տվյալներով կներկայացնենք հաջորդիվ։
Փոխարենը տարեկան 1-2 ջրամբար կառուցելուն, որն ավելի հրատապ եւ կարեւոր է, Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում մի բզկտված «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար հատկացնել 1,2 տրիլիոն գումար։
Սա երկրի կառավարմանը ոչ խելամիտ վերաբերվելու մասին է»: