21.12.2024
Հրաժարվել տրանսպորտի թանկացումից և վճարել 100 դրամ - Հայկ Մարության
prev Նախորդ նորություն

Ամփոփվել են «Սոցիալական աշխատանք» մրցույթի արդյունքները. մասնակիցները պարգևատրվել են

Ամփոփվել են ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի անցկացրած «Սոցիալական աշխատանք» մասնագիտության հատուկ ուսուցման հերթական դասընթացի արդյունքները․ այն հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնվել են ավարտական վկայականներ։


Դասընթացին մասնակցել են սոցիալական աշխատողի մասնագիտությամբ հետաքրքրված անձինք՝ Միասնական սոցիալական ծառայությունից, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» ՀԲՀ-ից, ինչպես նաև այլ հասարակական կազմակերպություններից։


Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնակատար Սահակ Գրիգորյանը, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» ՀԲՀ ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը։


Նախարար Մկրտչյանն իր ելույթում շնորհավորել է դասընթացի մասնակիցներին՝ ընդգծելով նոր գիտելիքի դերը՝ վերջիններիս մասնագիտական աշխատանքի արդյունավետ իրականացման, առավել որակյալ սոցիալական ծառայությունների մատուցման ու գործառույթների արդյունավետության բարձրացման գործում։


«Սոցիալական պաշտպանության ոլորտն անընդհատ մարտահրավերների առաջ է կանգնում, և ուրախ եմ, որ հաջորդ խոշոր քայլը լինելու է ոչ թե ճգնաժամերի հաղթահարման, այլ բարեփոխումների իրականացման շրջանակում։ Խոսքը՝ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի մասին է, որի ներդնումից նախ կշահի քաղաքացին, ապա նաև դուք, քանի որ ամենօրյա գործունեության շրջանակում ամենամոտն եք կանգնած կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց»,- նշել է նախարարը։


Այս համատեքստում Նարեկ Մկրտչյանը նաև ընդգծել է, որ 2025 թվականից նախատեսվող անապահովության գնահատման համակարգով նախատեսված է նոր գործիքակազմ, որը սոցիալական աշխատողներին հնարավորություն կտա ընտանիքների կարիքների գնահատման գործընթացն ու, առհասարակ, իրենց աշխատանքը կազմակերպել առավել կանոնակարգված։


Մյուս բանախոսները ևս իրենց ելույթներում կարևորել են սոցիալական աշխատողի մասնագիտության դերը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին հասցեական աջակցություն տրամադրելու և տնտեսապես ակտիվացնելու տեսանկյունից ու դասընթացի մասնակիցներին մաղթել մասնագիտական առաջընթաց և արդյունավետ գործունեության շարունակականություն։


Դասընթացի մասնակիցներին ավարտական վկայականները հանձնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն։