Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բոլիվիայի Բազմազգ Պետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Իրաքի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարները և նրանց փոխարինողները 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում մասնակցել են Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը։ Հանդիպումը նախագահում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նախարարները.
Վերահաստատելով Ֆորումի հիմնադրման մասին Աթենքի հռչակագրում (2017թ.), ինչպես նաև Տիվանակուի հռչակագրում (2018թ.), Պեկինի հռչակագրում (2019թ.), Լիմայի Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի հռչակագրում (2020թ.), Պերուի կողմից կազմակերպված հինգերորդ առցանց նախարարական հանդիպման արդյունքում ընդունված փաստաթղթում (2021), Բաղդադի հռչակագրում (2022թ.), Թեհրանի հռչակագրում (2023թ.) ամրագրված հանձնառությունները,
Հիշատակելով «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ․ մայիսի 14-ի կոնվենցիան և դրա 1954թ․ մայիսի 14-ի և 1999թ․ մարտի 26-ի Արձանագրությունները, «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» 1970թ․ նոյեմբերի 14-ի կոնվենցիան, «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» 1972թ․ նոյեմբերի 16-ի կոնվենցիան, «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ․ կոնվենցիան և «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» 2005թ․ կոնվենցիան, և խրախուսելով համատեղ ջանքերն՝ ուղղված այդ նպատակներին, ցույց տալով Ֆորումի նվիրվածությունը միջազգային մշակութային համագործակցությանը,
Հաշվի առնելով, որ հունիսի 10-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ամրագրվել է որպես Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օր, և ճանաչելով քաղաքակրթությունների, մշակույթի, կրոնների և հավատքների միջև ավելի խորը ըմբռնման և հարգանքի խթանման գործում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի արժեքավոր դերակատարումը, և այս առումով, խրախուսելով բոլոր համապատասխան կողմերին, ներառյալ՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին, նշել Քաղաքակրթությունների միջև երկխոսության միջազգային օրը կրթական և հանրային իրազեկման գործողությունների միջոցով,
Ընդգծելով Հնագույն քաղաքակրթությունների ֆորումն ամրապնդելու իրենց վճռականությունը՝ որպես միջմշակութային երկխոսության, սեփական մշակութային ժառանգության պաշտպանության և առաջմղման ոլորտում համագործակցության, խաղաղության և բռնությունից զերծ մշակույթի խթանման միջկառավարական հարթակ,
Ընդգծելով, որ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի» 70-ամյակը (1954թ.) և դրա Արձանագրության 25-ամյակը լավ առիթ են միջազգային հանրության ջանքերի համախմբման և ամրապնդման համար՝ պաշտպանելու և պահպանելու մշակութային ժառանգությունը զինված հակամարտությունների և խաղաղ ժամանակ,
Ընդգծելով, որ ցանկացած ժողովրդի պատկանող մշակութային արժեքներին հասցված վնասը նշանակում է վնաս ողջ մարդկության մշակութային ժառանգությանը,
Դատապարտելով մշակութային ժառանգության ոչնչացումը, պղծումը, յուրացումը և ժխտումը, ի թիվս այլոց՝ կրոնական վայրերի և հուշարձանների ոչնչացումը, ինչպես նաև մշակութային արժեքների կողոպուտն ու մաքսանենգությունը զինված հակամարտությունների ընթացքում,
Ընդգծելով, որ մշակութային ժառանգության ոչնչացումը և պատմական արմատների ու մշակութային բազմազանության ժխտման փորձերը կարող են նպաստել հակամարտությունների սրմանը՝ խաթարելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, կառավարումը, սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացումը, մարդու իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքների իրացումը,
Մտահոգություն հայտնելով մշակութային ժառանգության պահպանման վրա կլիմայի փոփոխության, ծայրահեղ եղանակային պայմանների, բնական աղետների անբարենպաստ ազդեցության կապակցությամբ,
Ընդգծելով նոր տեխնոլոգիաների նշանակալի դերը մշակութային ժառանգության մշտադիտարկման, պահպանության և վերականգնման գործում,
Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իր մանդատի շրջանակներում ձեռնարկված գործողությունները՝ պաշտպանելու և պահպանելու վտանգված մշակութային ժառանգությունը և զինված հակամարտությունների ժամանակ մշակույթի պաշտպանությանն ու մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված գործողությունները,
Գոհունակություն հայտնելով ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի շարունակական ջանքերի կապակցությամբ՝ ուղղված խաղաղության և բռնության բացառման մշակույթի խթանմանը՝ համագործակցելով կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ներառյալ՝ կանանց կազմակերպությունների, երիտասարդության, բարերարների, կրոնական առաջնորդների, կրոնական կազմակերպությունների, ակադեմիայի, ինչպես նաև՝ լրատվամիջոցների և մասնավոր հատվածի հետ,
ընդգծեցին իրենց ժողովուրդների պատմամշակութային ժառանգության պաշտպանությանն ու խրախուսմանն ուղղված համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես ողջ մարդկության ընդհանուր ժառանգություն,
շեշտեցին միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության ներքո ստանձնած պարտավորություններին համապատասխան արդյունավետ ազգային գործողությունների ներդրումը՝ կանխելու և հակազդելու մշակութային արժեքների թրաֆիքինգը և հարակից հանցագործությունները, ինչպես նաև հեշտացնելու մշակութային արժեքների վերադարձը,
խրախուսեցին անդամ պետություններին համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ վտանգված մշակութային ժառանգության մշտադիտարկման, հասանելիության ապահովման և պահպանության ոլորտներում,
միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին կոչ արեցին խրախուսել և ընդլայնել տեղահանված բնակչության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրային գործունեությունը,
պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունը մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման ուղղությամբ՝ նոր տեխնոլոգիաների և նորարարությունների կիրառմամբ՝ ներառյալ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը,
ողջունեցին Քաղաքական Հռչակագրի ընդունումը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի տասներորդ գլոբալ ֆորումի շրջանակներում, որը տեղի ունեցավ Պորտուգալիայի Կասկայս քաղաքում 2024 թվականի նոյեմբերի 25-ից 27-ը,
խրախուսեցին միջազգային կազմակերպություններին և մասնագիտացված գործակալություններին, այդ թվում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի, Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, անապատացման դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություններին, որ իրենց անդամ պետությունների հետ համագործակցությամբ ընդլայնեն իրենց գործունեությունը` ուղղված մշակութային ժառանգության պաշտպանությանը կլիմայի փոփոխությունից և եղանակի անբարենպաստ պայմաններից,
պայմանավորվեցին ձեռնարկել հետևյալ միջոցները Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների հզորացման և միջազգային հարթակներում դրա տեսանելիությունը բարձրացնելու համար.
8․1 դիտարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շարունակականության և գործառնական արդյունավետության բարձրացման ուղիները,
8․2 ստեղծել ազգային պատասխանատուների ցանց՝ նպատակ ունենալով ապահովել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում գործողությունների համակարգումը և համահունչ ընթացքը,
8.3․ դիտարկել վեբկայք ստեղծելու գաղափարը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի ինստիտուցիոնալ հիշողությունը հետագայում պահպանելու և ամրապնդելու համար,
8․4 միասնաբար նպաստել անդամների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ընդհանուր առաջնահերթությունների՝ համագործակցային նախաձեռնությունների և խորհրդակցությունների միջոցով առաջխաղացմանը՝ ,
8․5 դիտարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում բարեկամական խմբի ստեղծումը՝ համաձայնեցված նախաձեռնությունների և համատեղ խորհրդակցությունների նպատակով,
8․6 դիտարկել համատեղ հայտարարություններ ու նախաձեռնություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովների և Գործադիր խորհրդի նստաշրջաններին, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան մանդատ ունեցող միջկառավարական այլ մարմիններում, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի տարեկան ժողովներում և այլ համապատասխան միջազգային կազմակերպություններում համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ միջազգային հարթակներում ֆորումի ձայնն ուժեղացնելու նպատակով,
8․7 խրախուսել ֆորումի անդամ պետությունների համագործակցությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության գործում, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ֆորումի անդամ պետությունների համատեղ հայտերի ներկայացման միջոցով՝ անդամ պետությունների մշակութային ավանդույթները ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում ներառելու համար՝ ցուցադրելով բազմազան ավանդույթների հարստությունը,
8․8 համագործակցաբար մասնակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի այլ համապատասխան միջոցառումներին՝ փորձը կիսելու և հավաքական ձեռքբերումները ցուցադրելու համար,
8․9 ուսումնասիրել անդամ պետությունների միջև համատեղ հնագիտական պեղումների և մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի հնարավորությունները, հատկապես պատմական և մշակութային ընդհանուր կապեր ունեցող տարածաշրջաններում,
8․10 դիտարկել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությունը՝ համատեղ խթանելու մշակութային և հոգևոր զբոսաշրջությունն՝ օգտագործելով ընդհանուր պատմական և մշակութային ժառանգությունը՝ նպատակ ունենալով խթանել մշակութային փոխանակումները, խրախուսել կայուն զբոսաշրջության պրակտիկան և խթանել փոխըմբռնումը զանազան մշակութային վայրերի և պրակտիկանների առաջխաղացման միջոցով,
8․11 մշակել հոգևոր զբոսաշրջության համատեղ նախաձեռնություններ, որոնք ընդգծում են անդամ պետությունների եզակի կրոնական ժառանգությունը և խթանում կայուն զբոսաշրջության փորձառությունը,
8․12 իրականացնել կայուն զբոսաշրջության նախաձեռնություններ՝ նվազագույնի հասցնելու հոգևոր զբոսաշրջության գործունեության ազդեցությունը բնության վրա և պահպանելու կրոնական վայրերի ինքնությունը,
8․13 խրախուսել համատեղ ներդրումները վիրտուալ տուրերի և կրոնական վայրերի առցանց տվյալների բազաների ստեղծման համար՝ ապահովելով ուխտավորների և հետազոտողների հեռահար մուտքը,
8․14 խրախուսել համատեղ ներդրումները կրոնական վայրերի շուրջ ենթակառուցվածքների զարգացման համար, ինչպիսիք են ճանապարհները, տրանսպորտը և կացարանները [*];
8․15 մշակել նոր անդամակցության ընթացակարգերի և դիտորդի կարգավիճակի չափանիշներ, որոնք պետք է համաձայնեցվեն կոնսենսուսով՝ խթանելով համաժողովի շրջանակներում ներառականությունն ու բազմազանությունը, միաժամանակ ողջունելով նոր երկրների անդամակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին,
8․16 ստեղծել անդամ պետությունների մշակութային ժառանգության փորձագետների ցանց՝ մշակութային արժեքների ապօրինի թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման համար՝ ցույց տալով ֆորումի հանձնառությունը միջազգային մշակութային համագործակցությանը,
8․17 կազմակերպել կարողությունների զարգացման աշխատաժողովներ և վերապատրաստման ծրագրեր անդամ երկրներում ժառանգության ոլորտի մասնագետների համար՝ կենտրոնանալով այնպիսի թեմաների վրա, ինչպիսիք են պահպանումը, վերականգնումը և թանգարանների կառավարումը,
8․18 նպաստել մշակութային ժառանգության վերաբերյալ գիտահետազոտական ջանքերի մեկտեղմանը՝ օգտագործելով անդամ երկրների ակադեմիական շրջանակների փորձը՝ խորացնելու փոխըմբռնումը և խթանելու մշակութային երկխոսությունը,
8․19 համագործակցել թվայնացման նախագծերի շուրջ՝ մշակութային ժառանգությունը պահպանելու և խթանելու համար՝ ներառյալ վիրտուալ թանգարանների և առցանց տվյալների բազաների ստեղծումը,
8․20 դիտարկել անդամ երկրների երիտասարդներին ներգրավելու համար հարթակների ստեղծման գաղափարը՝ խթանելով երկխոսությունը, միջմշակութային երկխոսությունը և երիտասարդական նախաձեռնությունները, որոնք նպաստում են խաղաղության մշակույթին և ժառանգության պաշտպանությանը:
9. ընդգծեցին քաղաքացիական հասարակության և այլ համապատասխան շահագրգիռ դերակատարների դերը՝ ներառյալ հասարակական կազմակերպությունները, մարդու իրավունքների ազգային հաստատությունները, կրոնական առաջնորդները և հավատքի վրա հիմնված կազմակերպությունները, բնիկ ժողովուրդները, տեղական համայնքները, կանանց կազմակերպությունները, երիտասարդները, լրատվամիջոցները, մասնավոր հատվածը և ակադեմիական շրջանակները՝ խաղաղության և ոչ բռնության մշակույթի, հանդուրժողականության, ոչ խտրականության, կրոնական և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքի և մշակութային իրավունքի խթանման գործում,
10. դատապարտեցին շարունակվող հակամարտությունների արդյունքում մշակութային և ժառանգության օբյեկտների ոչնչացումը:
11. Նախարարները շնորհակալություն հայտնեցին Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպման հյուրընկալման համար։ Նրանք շնորհակալություն հայտնեցին նաև Հայաստանի Հանրապետությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպումը հյուրընկալելու համար։
12. Նախարարները ողջունեցին 2025 թվականին Ֆորումի նախագահությունը ստանձնելու և 9-րդ նախարարական հանդիպումը կազմակերպելու Հունաստանի Հանրապետության պատրաստակամության մասին հայտարարությունը և միաձայն հաստատեցին այդ որոշումը:
[*] Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը չի միանում Հռչակագրի 8.10-8.14 կետերի շուրջ կոնսենսուսին: