21.12.2024
Լուսանկարը` mil.am
prev Նախորդ նորություն

Փաշինյանի խիստ պայմանը. մեքենաների կրճատում կամ սուբվենցիաների արգելք

Վարչական լայնածավալ բարեփոխումների շրջանակներում Հայաստանի կառավարությունը մտադիր է զգալի կրճատել պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների քանակը։


Վարչապետի աշխատակազմի տվյալներով՝ ավտոպարկն արդեն կրճատվել է 38 տոկոսով, իսկ տարբեր գերատեսչություններում ծառայողական մեքենաների ընդհանուր թիվը 891-ից կնվազի մինչև 547։


Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ նախազգուշացմամբ է հանդես եկել համայնքների ղեկավարների հասցեին։ Նա ընդգծել է, որ նրանք, ովքեր կհրաժարվեն հետևել ծառայողական մեքենաների կրճատման քաղաքականությանը, կհանդիպեն սուբվենցիաների ստացման և պետական ծրագրերին մասնակցության սահմանափակումների։


«Թող համայնքների ղեկավարները իրենց բնակիչների հետ պարզաբանեն՝ ո՞րն է ավելի մեծ առաջնահերթություն», - նշել է վարչապետը։


Բարեփոխումն արդեն հանգեցրել է արմատական փոփոխությունների նախարարություններում. շատ գերատեսչություններում կմնա միայն մեկ ծառայողական մեքենա՝ նախարարի համար։ Օրինակ՝ արտաքին գործերի նախարարությունում 15 մեքենայից կպահպանվի միայն մեկը։ Նման իրավիճակ կլինի արդարադատության, առողջապահության, էկոնոմիկայի և այլ նախարարություններում։


Էական կրճատումներ են սպասվում նաև բարձրագույն իշխանության մարմիններում․ վարչապետի աշխատակազմում մեքենաների քանակը 40-ից կնվազի մինչև 13, նախագահի աշխատակազմում՝ մինչև 6 մեքենա, իսկ Ազգային ժողովում՝ 41-ից մինչև 32։


Հատկապես արմատական միջոցներ են նախատեսված դատախազության համար, որտեղ պլանավորվում է ամբողջությամբ վերացնել 67 մեքենայից բաղկացած ծառայողական ավտոպարկը։