24.11.2024
Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր գյուղացին լավ չի ապրում

«Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր գյուղացին լավ չի ապրում, բայց մենք պետք է ձեզ հետ համայնքում, քաղաքում, պետությունում կարգապահություն ապահովենք: Եթե ցանկանում եք ձեր համայնքը զարգացնել, ապա ձեր գործառույթները պետք է հստակ կատարեք»: Այս մասին տարբեր մարզերի 12 համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նշենք, խոսքն այն համայնքների մասին է, որոնք 2016 թվականին ապահովել են համայնքների սեփական եկամուտների աճ և նույնը նախատեսել են նաև 2017 թվականին` Աբովյան, Այգեհովիտ, Բասեն, Վահան, Ախուրյան, Սարապատ, Ուրցաձոր, Ամասիա, Տեղ, Մեղրի և Զառիթափ համայնքների ղեկավարները:

Վարչապետ Կարապետյանը նշել է, որ ընտրվել են այն 12 համայնքները, որոնց զարգացման ծրագրի նկատմամբ կա վստահություն, որոնք ունեն սեփական եկամուտների աճի գոհացնող տեմպեր: «Ցանկանում ենք ձեզ հետ քննարկել համայնքային զարգացման ծրագրերը, թե ի՞նչ եք ակնկալում կառավարությունից, ի՞նչով կարող ենք աջակցել, որպեսզի շարունակեք ոգևորված ու ակտիվ աշխատել»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ արդեն ընթացիկ տարվանից մարզպետերի, համայնքների ղեկավարների աշխատանքը գնահատվելու է նոր մեթոդաբանությամբ, շատ ավելի խորը վերլուծությամբ:

Համայնքների ղեկավարները վարչապետին են ներկայացրել ենթակառուցվածքների բարելավման, Էներգախնայող լուսավորության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման, գյուղմթերքի վերամշակման, վառարանների արտադրության, անասնապահության զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի ստեղծմանը և համայնքին կարող են ապահովել տնտեսական արդյունք:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուսումնասիրել ծրագրերը և ցուցաբերել համապատասխան օժանդակություն: «Մեզ պետք է ներկայացնեք արդյունք ապահովող ծրագրեր և հերթով, կոնկրետ խնդիրները լուծելով՝ պետք է գնանք առաջ»,- նշել է կառավարության ղեկավարը: