Չնայած Բաշար ալ-Ասադի վարչակարգի անկմանը և Թուրքիային հավատարիմ ուժերի հաղթանակին Սիրիայում, փորձագետները կոչ են անում զերծ մնալ Հարավային Կովկաս Անկարայի ազդեցության կտրուկ ընդլայնման կանխատեսումներից, քանի որ քրդական գործոնը կարող է խոչընդոտել Թուրքիային՝ ընդլայնել իր ազդեցությունը մինչև Հարավային Կովկաս։ Այս մասին հայտարարել է Բեյրութի ամերիկյան համալսարանի դասախոս, քաղաքագետ Եղիա Թաշճեանը՝ վերլուծելով Դամասկոսում իշխանափոխության հետևանքները տարածաշրջանային անվտանգության համար։
Խիստ աշխարհաքաղաքական իրողություններ
VERELQ-ին տված հարցազրույցում փորձագետ Եղիա Թաշճեանը վերլուծում է Ասադի վարչակարգի անկման հետևանքները՝ նշելով, որ թեև թուրքամետ ուժերը վերահսկողություն են հաստատել Սիրիայի զգալի մասի նկատմամբ, ներքին խնդիրները և քրդական շարժման ակտիվացման վտանգը կարող են զսպել Անկարայի հետագա ընդլայնումը տարածաշրջանում։
Բաշար ալ-Ասադի վարչակարգի անկումը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամական խմբավորման կայծակնային ռազմական արշավի հետևանքով, որը հանգեցրեց Իրանի կողմից տարիներ շարունակ կառուցված «Դիմադրության առանցքի» էական թուլացմանը՝ ի դեմս Սիրիայի, «Համաս» և «Հեզբոլլահ» խմբավորումների, բազմաթիվ վերլուծաբանների կողմից ընկալվել է որպես Մերձավոր Արևելքի տարածաշրջանի պրոիրանական հատվածի նոր վերաբաժանման սկիզբ։
Դա, ըստ նրանց, ստեղծում է նոր աշխարհաքաղաքական իրականություն, որը կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար՝ Արևելյան Միջերկրականից մինչև Հարավային Կովկաս։ Սակայն Եղիա Թաշճեանը կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել այս փոփոխությունների հնարավոր հետևանքների գնահատման հարցում, թեև ընդունում է, որ Ասադի վարչակարգի անկումը լուրջ հարված էր Իրանի և Ռուսաստանի դիրքերին տարածաշրջանում։ Լիբանանում տեղի ունեցած իրադարձությունների հետ միասին դա հանգեցրել է նրան, որ Իրանը, ըստ նրա խոսքերի, այժմ պաշտպանողական դիրքերում է։
Հայկական համայնքը անվտա՞նգ է
Միևնույն ժամանակ, Թաշճեանը ուշադրություն է հրավիրում Սիրիայում կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական համայնքի բարդ իրավիճակի վրա։ Ըստ Թաշճյանի, չնայած թուրքամետ ուժերի իշխանության գալու վերաբերյալ մտավախություններին, առայժմ իրավիճակը Սիրիայի հայկական համայնքի համար մնում է կայուն։
«Մինչ օրս հայկական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ոչ մի հարձակում տեղի չի ունեցել, եկեղեցական արարողություններն անցկացվում են։ Սակայն մտահոգություն կա, որ նոր խմբավորումները Թուրքիայի դաշնակիցներն են, այսինքն՝ թուրքական ազդեցությունը շատ ուժեղ է», - նշում է փորձագետը։
Միաժամանակ, Եղիա Թաշճեանը մատնանշում է Սիրիայի մասնատումը տարբեր ազդեցության գոտիների՝ իսրայելական՝ հարավում, թուրքական՝ կենտրոնում և հյուսիս-արևմուտքում, ռուսական՝ Միջերկրական ծովի ափին, քրդական և ամերիկյան։ Միասնական կառավարության բացակայությունը ստեղծում է երկիրը «նոր Լիբիայի» վերածվելու վտանգ։ Սակայն փորձագետը դրական փոփոխությունների ներուժ է տեսնում սիրիական ընդդիմության և քրդական ուժերի միջև համաձայնության հասնելու դեպքում։
Ռուսական ներկայության ապագան Սիրիայում
Հատուկ ուշադրություն է հատկացվում Ռուսաստանի դերին տարածաշրջանում։ Ինչպես նշում է Թաշճեանը, ռուսական ռազմական բազաների հնարավոր դուրսբերումը Սիրիայից լուրջ հարված կլինի Մոսկվայի դիրքերին՝ փաստացի զրոյացնելով 2015 թվականի ռուսական ռազմական արշավի ձեռքբերումները։ Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ Թուրքիան կարող է շահագրգռված լինել իր ազդեցության գոտում որոշակի ռուսական ներկայության պահպանմամբ։
«Կարծում եմ, որ այս պահին այդ դերակատարների միջև բանակցություններ են ընթանում Սիրիայում ռուսական ներկայության ապագայի շուրջ։ Նման համաձայնության հասնելու հավանականությունը սպառված չէ, առավել ևս կարծում եմ, որ Թուրքիան կարող է շահագրգռված լինել որոշակի ռուսական ներկայության պահպանմամբ», - կարծում է Թաշճեանը։
Ինչ վերաբերում է սիրիական իրադարձությունների ազդեցությանը Հարավային Կովկասի վրա, Թաշճյանը կոչ է անում զգուշավոր լինել գնահատականներում։ «Թեև Հարավային Կովկասի համար վտանգը միշտ էլ գոյություն ունի, դեռ վաղ է խոսել այն մասին, որ Թուրքիան անմիջապես կտեղափոխի իր ուշադրությունը Սիրիայից դեպի Հարավային Կովկաս։ Քրդական գործոնը Սիրիայում մնում է զսպող տարր, որը կարող է օգտագործվել տարբեր ուժերի կողմից՝ իրավիճակը ապակայունացնելու համար ոչ միայն Սիրիայում, այլ նաև հենց Թուրքիայում», - ընդգծում է փորձագետը։
Անկարան կկենտրոնանա՞ «միջանցքի» բացման վրա
Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը Անկարան, օգտագործելով բարենպաստ աշխարհաքաղաքական պահը, կարող է փորձել ուժով բացել Ադրբեջանի միջոցով։ Ըստ Թաշճեանի, թեև ներկայիս իրավիճակը կարող է բարենպաստ թվալ այս հարցի առաջմղման համար, շատ բան կախված կլինի Իրանի դիրքորոշումից և Ռուսաստանի՝ տարածաշրջանում հետագա զիջումների գնալու պատրաստակամությունից։
«Կարևոր դեր են խաղում նաև թուրք-ամերիկյան հարաբերությունները, հատկապես Թրամփի հնարավոր վերադարձի համատեքստում», - բացատրել է Բեյրութի ամերիկյան համալսարանի դասախոս Եղիա Թաշճյանը։