18.12.2024
Արշակյանը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին
prev Նախորդ նորություն

Երևանում անցկացվել է Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը

Դեկտեմբերի 17-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Հունաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կոնստանտինոս Ֆրանգոյանիսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են տնտեսության և ներդրումների, առևտրի, արդյունաբերության, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության, առողջապահության, թվայնացման, նոր տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների և գիտության, որակի ենթակառուցվածքների, տրանսպորտի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։

«Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև միջկառավարական հանձնաժողովի նիստերը դարձել են կարևոր հարթակ, որտեղ հնարավորություն է ընձեռվում քննարկել առկա հիմնախնդիրները և ուղենշել համագործակցության նոր ոլորտներ, մշակել գործուն մեխանիզմներ՝ ուղղված մեր երկրների ներուժի բացահայտմանը: Այս համատեքստում մենք կցանկանայինք, որպեսզի հունական կապիտալի ներկայացվածությունն ավելի ընդլայնվեր Հայաստանում, ինչը երկուստեք շահավետ կլինի մեր երկու երկրների տնտեսությունների համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:

Նիստի արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։