Խորը ափսոսանքով եմ նշում՝ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը. Աղազարյան
Իմ ասած ընկերոջ հետ շփման արդյունքում եկել եմ եզրակացության։ Այս մասին 24news-ի հետ զրույցում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր մանդատը վայր դնելու խնդրանքին։
Աղազարյանը հայտնեց իր որոշումը։
«Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը ։ Կյանքիս ծանրագույն որոշման համար՝ ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են սուբյեկտիվ լինել, հիմք են հանդիսացել հետևյալ 2 հանգամանքը։ Առաջին՝ ԱԺ-ում լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ ընկերության նկատմամբ քրեական վարույթի գործով, այդ միջադեպի առիթով նախաձեռնված է քրեական վարույթ։ Քրեական վարույթ է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա, հետևաբար, եթե ես ընունդեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ վարույթների ավարտման արդյունքում պարզվի, որ մեղավորություն չունեմ, հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել , որ ինձ գործարք է առաջարկվել և ես գնացել եմ դրան։ Իսկ եթե վարույթից գոնե մեկի ավարտման արդյունքում պարզվի, որ մեղավոր եմ, բնականաբար, կզրկվեմ պատգամավորական մանդատից»,-իր որոշումը կարդաց Աղազարյանը։
Պատգամավորի խոսքով՝ իր որոշումը շատ վատ կընդունվի խմբակցության կողմից։
«Կարծում եմ՝ խմբակցությունը կարող է քննարկել ինձ հեռացնելու հարցը»,-ավելացրեց նա։
Աղազարյանը նաև չբացառեց, որ գլխավոր դատախազը կարող է անձեռնմխելիությունից զրկել նրան։