3.12.2024
Հայրապետյանը վերընտրվել է ՄԱԿ-ի ԵՏՀ Արդյունաբերական վթարների կոնվենցիայի բյուրոյի անդամ
prev Նախորդ նորություն

Դեկտեմբերի 2-ից Երևանում կգործեն նոր տրոլեյբուսներ, որոնք կբաշխվեն մի քանի երթուղիներով

Դեկտեմբերի 2-ից Երևանում կշահագործվի 15 նոր տրոլեյբուս։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։


Նա պարզաբանեց, որ խոսքը համայնքի միջոցներով ձեռք բերված այն տրոլեյբուսների մասին է, որոնք 8,5 մ երկարությամբ 171 ավտոբուսի հետ միասին մինչև հոկտեմբերի վերջ հասցվել են քաղաք։


Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ նոր ավտոբուսների շահագործումը կսկսվի 2025թ հունվարի 1-ից։


Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի երթևեկության փոփոխությունները՝ հաշվի առնելով նոր տրոլեյբուսների գործարկումը։ Դրանք կբաշխվեն մի քանի երթուղիներով։


Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ նախատեսվել է փակել համար 2 ա և 10 ա երթուղիները:


2Ա երթուղին կերկարացվի մինչև Նուբարաշեն, այն կսպասարկվի «Ժոնգթոնգ» մակնիշի նոր ներկրված տրոլեյբուսներով, կավելացվի երթուղում շարժակազմի քանակը՝ սահմանելով 13 միավոր, որի արդյունքում շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 15 րոպե:


10Ա երթուղին կսպասարկվի «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուսներով, շարժման միջակայքը 21 րոպեից կնվազի մինչև 11 րոպե:


Ավելացրած շարժակազմի հաշվին կավելացվի համար 1 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 10 միավոր, շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 14 րոպե:


Կավելացվի համար 9 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 10 միավոր, շարժման միջակայքը 18 րոպեից կնվազի մինչև 14 րոպե։


Կավելացվի համար 15 երթուղու շարժակազմի քանակը՝ սահմանելով 7 միավոր, շարժման միջակայքը կնվազի՝ 18 րոպեից դառնալով 13 րոպե։