VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակը» գրում է․ ԵԱՏՄ նախագահությունը հունվարից 1 տարով ստանձնած Հայաստանը թե ինչու է խնդրել, որ ԵԱՏՄ հերթական նիստն անցկացվի Ռուսաստանում, ոչ թե Երեւանում, ինչի մասին նախօրեին հայտնեց ռուսական կողմը, ՀՀ ԱԳՆ-ն չի բացատրում: Ասացին միայն․ «ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ ԵՏ բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անցկացվում է ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում», իսկ հաջորդ նիստի անցկացման ժամկետների եւ վայրի մասին որոշումն ընդունվում է նախորդած նիստի ընթացքում. «Տվյալ դեպքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8-ին Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել՝ հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում»։
Մինչդեռ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մայիսի 8-ին անձամբ է խնդրել, որ նիստն անցկացվի ոչ թե Երեւանում, այլ՝ Ռուսաստանում: Նիստը, ի դեպ, նախագահելու է Փաշինյանը։ Բանն այն է, որ թեեւ Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիրն է, բայց արդեն երկրորդ գագաթնաժողովը տեղի է ունենում ոչ թե Հայաստանում, այլ՝ Ռուսաստանում: Մայիսին էլ Հայաստանը համաձայնել էր ԵԱՏՄ հոբելյանի՝ տասնամյակի առիթով գագաթնաժողովը Մոսկվայում անցկացնելուն: Նման խնդրանքով դիմելու պատճառը Հռոմի ստատուտն է, որը վավերացվել է ՀՀ իշխանությունների կողմից եւ նախատեսում է՝ եթե ՌԴ նախագահ Պուտինն այցելի Հայաստան, նրան ձերբակալեն եւ հանձնեն Հռոմի դատարանին: Փաստորեն, Փաշինյանը դարձել է իր հերթական արկածախնդիր քայլի «զոհը» եւ ծաղրուծանակի առարկա` արտաքին գործընկերների աչքում: Մի կողմից՝ Արեւմուտքի պահանջներն է կատարում, մյուս կողմից՝ ՌԴ-ի հետ չի ուզում կամուրջներն այրել։
«Հրապարակը» գրում է․ ՀՀ իշխանության սորոսական փայատերերի հովանավորները չեն թաքցնում, որ ՆԳՆ-ում Արփինե Սարգսյանի նշանակումը եղել է իրենց «աջակցությամբ»։ Նախօրեին ՆԳ նախարարի եւ ԵՄ ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի հանդիպման մասին հաղորդագրության մեջ գրված է. «ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին՝ նշանակման կապակցությամբ, եւ հաջողություններ է մաղթել, ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ Վ․ Մարագոսն ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը եւ պատրաստակամություն է հայտնել՝ ընդլայնելու համագործակցությունը»:
Անգամ իշխանական օրենսդիրները ապշած էին այս ձեւակերպումներից՝ ի՞նչ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել, եթե ԱԺ վերջին լսումների ժամանակ խոսվեց Հայաստանում հանցագործությունների, թմրամիջոցների տարածման խայտառակ չափերի մասին։ Հայաստանում ոստիկանությունը կատարելագործվել է միայն Փաշինյանի իշխանությունը պահելու եւ ընդդիմադիրներին ճնշելու գործում: Ենթադրվում է, որ հենց դրա համար էլ Արեւմուտքն աջակցում է ոստիկանությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի իր հերթական «փոթորկուն» ելույթով ազդարարեց սպասվող նոր պաշտոնանկությունների մասին: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի օրերը, կարծես թե, հաշված են. նա հավանաբար «ՍՄՍ կստանա»: Շիրակի մարզպետի զղջումներն անգամ իրավիճակը չփրկեցին: Նիկոլ Փաշինյանին երեկ Կառավարության նիստի ժամանակ կրկին հունից հանեց այն, որ Շիրակի մարզի գյուղերից մեկում՝ դպրոցում դասասենյակ են անվանակոչել ԳՇ գեներալներից մեկի անունով: Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ «Լվա ինքդ» օբյեկտները տեղակայված են մայթերին, ու զբոսնելիս մարդիկ ստիպված են քայլել ժավելների, քսայուղերի տարաների արանքներով, որովհետև դրանք ուղղակի շարված են մայթերին: Նիկոլ Փաշինյանը դժգոհեց տեսչական մարմինների աշխատանքից ու տեսչական մարմիններին հորդորեց հատ-հատ ստուգել այդ խնդիրները: Հաշվի առնելով, որ Կառավարության նախորդ նիստին նրա դժգոհություններին հաջորդեցին պաշտոնանկությունները, ապա թերևս երեկվա նիստից հետո կշարունակվեն «մաքրումները»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազատված պաշտոնյաները լքում են Հայաստանը, ինչպես մկները՝ խորտակվող նավը։ Մինչ ՀՀ Կառավարությունում կրքերը չեն հանդարտվում, ազատումներ եւ նշանակումներ են թափուր պաշտոններում, պաշտոնից ՍՄՍ-ով ազատված Գնել Սանոսյանը մեկնել է երկրից: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Գնել Սանոսյանը մեկնել է Աբու Դաբի՝ թերեւս քաոսային Կառավարությունից հանգստանալու նպատակով։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Գնել Սանոսյանի հետ, սակայն Սանոսյանի փոխարեն լսվեց արաբ օպերատորի ձայնը»:
«Հրապարակը» գրում է․ Բենզալցակայանի նախկին աշխատակից,Դիլիջանի քաղաքապետ, անձնական գործերում «սեռ»-ի դիմաց «արու» գրած Դավիթ Սարգսյանը վարչական տուգանքի է ենթարկվել այն բանի համար, որ կասկածելի աճուրդներով շուկայականից զգալի էժան գներով եւ հրատապ կարգով Դիլիջան քաղաքից հող է վաճառել հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին։ Նա 2024թ. մայիս-հունիս ամիսներին համայնքային հողերից 1650 քմ՝ հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով, 11 մլն 550 հազար դրամով վաճառել է եղբորը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել եւ վարչական տուգանք սահմանել՝ 300 հազար դրամ։
Հանձնաժողովն ուսումնասիրել է համացանցային գրառումները եւ պարզել, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, քաղաքապետը հաստատել է կատարվածը եւ հանձնաժողովին հայտնել, թե տեղյակ չի եղել օրենքից, որ նման իրավիճակները շահերի բախում են առաջացնում, եւ ինքը, լինելով պաշտոնատար անձ, պետք է նախապես դիմեր Հանձնաժողովին, որպեսզի եղբոր մասնակցությամբ աճուրդի գործընթացի վերահսկողությունն իրականացնեին, եւ թույլ չտար միջամտություն` աճուրդի արդյունքների վրա։ Ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունում կարելի է կոռուպցիոն գործարքի գնալ եւ պատժվել սիմվոլիկ տուգանքով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն, ու երեկ խայտառակ իրավիճակ է եղել։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ նախագահի թեկնածու են առաջադրել ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հորաքրոջ որդուն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանին։ Ընտրության առաջին փուլում ԲԴԽ 7 անդամներից ընդամենը 3-ն են կողմ քվեարկել Աթաբեկյանի օգտին, ինչի արդյունքում նա չի կարողացել առաջին փուլով ընտրվել ԲԴԽ նախագահ։ Ընտրության 2-րդ փուլ են իրականացրել դատավորները, որտեղ 4 անձ է քվեարկել իշխանության «սրտի թեկնածու» Աթաբեկյանի օգտին, ինչի արդյունքում Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ։
Ստացվում է, ԲԴԽ անդամների մեջ ընդդիմացողներ կան քաղաքական իշխանության քմահաճույքների դեմ։ Նշենք, որ դատական օրենսգրքի 84 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ներկա պահին ԲԴԽ անդամները 7-ն են, ուստի դատելով իրավիճակից՝ Արթուր Աթաբեկյանին կողմ պետք է քվեարկեին ԲԴԽ 6 անդամները, սակայն պարզվում է՝ ԲԴԽ անդամների մեջ նրա թեկնածությանը դեմ են կամ սպասում են գործադիր իշխանությունից «համապատասխան SMS-ի», որ կողմ քվեարկեն ՔՊ-ի նախագահի թեկնածու Աթաբեկյանին։ Հիշեցնենք, որ երեկ ԲԴԽ-ն պաշտոնապես հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով՝ տասնօրյա ժամկետում նշանակվել էր ԲԴԽ նախագահի ընտրությունը, որի ընթացքում որեւէ թեկնածու չի հավաքել բավարար քանակի ձայներ, եւ լիազորությունների իրականացման պարտականությունը ժամանակավորապես կշարունակի կատարել ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Կարեն Թումանյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը ազատ մնացած պաշտոնների համար ռեսուրս չունի եւ ստիպված մարդկանց է մի կառույցից մյուսը տեղափոխում։ Օրինակ՝ Դատախազությունից տեղափոխում է քննչական կոմիտե, ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ պետեկամուտների կոմիտե եւ միգրացիոն ծառայությունից՝ ներքին գործերի նախարարություն։ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27-ին նշանակվեց ՆԳ նախարարի տեղակալ։ Ով է Արմեն Ղազարյանը եւ ինչ ունեցվածք ունի: Նա 2018 թվականի հունիսից նշանակվել էր միգրացիոն ծառայության պետ, այնուհետեւ, երբ կառավարությունում կառուցվածքային բարեփոխումներից հետո միգրացիոն ծառայությունը միացվել էր նորաստեղծ ներքին գործերի նախարարությանը, Ղազարյանը 2023-ի հունվարից նշանակվել էր ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ։
Այսինքն՝ Ղազարյանը հենց հեղափոխական կադր է։ Ինչպես իշխանության մեծամասնությունը՝ նախկին լրագրող է. 2010 թ. – 2012 թ., 2016 թ.- 2017 թվականներին աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես թղթակից։ Ապա աշխատել է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունում, ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում։ Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Արմեն Ղազարյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի գրեթե 33 մլն դրամ արժողությամբ։ Մինչ այս Ղազարյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։
Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականին ձեռք բերված Lexus մակնիշի մեքենա։ Ղազարյանի՝ հաշվետու ժամանակաշրջանի բանկային ավանդները կազմել են 7,5 մլն դրամ եւ գրեթե 3 հազար դոլար։ Նախորդ՝ 2022 թվականի համեմատ դրանք ավելացել են գրեթե 2 մլն դրամով։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 10 մլն 630 հազար դրամ։ 2023 թվականից մինչեւ նույն թվականի տարեվերջ դրանք ավելացել են 3 մլն դրամով։
Կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,7 հազար եվրո եւ 1,2 հազար դոլար։ Կանխիկ դրամական միջոցների մեծ փոփոխություններ չեն արձանագրվել։ Արմեն Ղազարյանը, որպես ՆԳՆ միգրացիոն ծառայության պետ, հայտարարագրել է 16 մլն 44 հազար դրամ տարեկան եկամուտ։ Նորանշանակ տեղակալի հաշվետու տարվա եկամուտները 2022 թվականի համեմատ ավելացել են 3 մլն դրամով։ Հաշվետու տարվա եկամուտներից 14 մլն 307 հազարը աշխատանքի վարձատրություն է ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։ Եկամուտներից 1 մլն 600 հազարը եւ 13 հազար 500 դրամը աշխատանքի վարձատրություն են համապատասխանաբար Հայաստանի Ամերիկյան համալսարանից եւ Երեւանի պետական համալսարանից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 892 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է»: