Ռուստամ Բաքոյանը հանդիպել է միջազգային փորձագետների հետ. ի՞նչ հարցեր են քննարկվել
Փորձագիտական առաքելությամբ Հայաստանում գտնվող «Equal Rights Trust» անկախ միջազգային կազմակերպության ներկայացուցիչ-փորձագետների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը: Հանդիպման առանցքում «Իրավահավասարության ապահովման եւ խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի ու կից օրենքների նախագծերին առնչվող հարցերն էին:
Կողմերը նշել են, որ նման օրենքի ընդունումն անհրաժեշտ է ոտնձգությունների եւ խտրականության դեմ իրավական երաշխիքներ ունենալու տեսանկյունից, ինչպես նաեւ հնարավոր կլինի օրենսդրորեն կանոնակարգել անձանց խտրականությունից պաշտպանելու ուղղությունները:
Փորձագիտական առաքելության նպատակն է աշխատել օրենսդրական նախաձեռնության մշակման գործընթացում ընդգրկված անձանց հետ: Հանդիպումը կայացել է նոյեմբերի 27-ին: