27.11.2024
Ալեն Սիմոնյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
prev Նախորդ նորություն

Արմեն Չարչյանի նկատմամբ 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է՝ սահմանվելով 1 տարի

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ դատարանի կողմից սահմանված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է՝ սահմանվելով 1 տարի։ Այս մասին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։


«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Լուսինե Ալավերդյան, Գրիգոր Հովհաննիսյան, Կարեն Հովհաննիսյան) Արմեն Չարչյանի գործով մեղադրող դատախազի բողոքը մերժեց, իսկ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքը բավարարեց մասնակի՝ առաջին ատյանի դատարանի կողմից Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվեց և սահմանվեց փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով։ Արմեն Չարչյանի կշարունակի մնալ ազատության մեջ»,- գրել է Ալեքսանյանը։


Հիշեցնենք, Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը: 2021-ի հունիսին նա կալանավորվել էր, դեկտեմբերին՝ ազատ արձակվել։


Ազգային ժողովը 2023-ի փետրվարի 9-ին Արմեն Չարչյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, իսկ հոկտեմբերի 23-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Պատիժը պայմանականորեն չէր կիրառվել, սահմանվել էր փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով: