27.11.2024
Արմեն Չարչյանի նկատմամբ 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է՝ սահմանվելով 1 տարի
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է

Աշխատանքային հրատապ խնդիրներով պայմանավորված՝ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցել երեկ Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների նիստին, «Ազատության» հարցին ի պատասխան, փոխանցել են ԱՀԾ-ից։


Միևնույն ժամանակ ծառայությունից տեղեկացրել են, որ նիստին մասնակցել է ծառայության ներկայացուցիչն՝ առանց անուն նշելու։


Ռուսական կողմը երեկ հայտնել էր, որ հանդիպմանը քննարկվելու են ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների համագործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները և հանդիպմանը նախատեսված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասնակցությունը։


ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել է, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն էր ասել, որ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: