25.11.2024
New York Times. Ինչո՞ւ Դանֆորդն ու Գերասիմովը հանդիպեցին Բաքվում
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ ՄԽ. Ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու ՀՀ որոշումը մարդասիրական քայլ էր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը երեկ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանին և Էլմար Մամեդյարովին:

Համանախագահներն արտգործնախարարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծում տիրող իրավիճակը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ առկա հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և որ պատերազմը լուծման ելք չէ: Բացի այդ նրանք կողմերին կոչ են արել զսպվածություն դրսևորել ու իրենց բնակչությանը նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության, նշում է osce.org-ը:

Համանախագահները կոչ են արել հավատարիմ մնալ 1994-95թթ. կնքված հրադադարին՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը կբերի միայն տառապանք, հուսալքություն և կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Համանախագահներն իրենց տեսակետներն են ներկայացրել այն քայլերի վերաբերյալ, որոնք կողմերը պետք է ձեռնարկեն 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների շրջանակում կայացված որոշումների իրագործման համար:

Արտգործնախարարների հետ զրույցում համանախագահներն ընդգծել են հակամարտության լուծման համար համապարփակ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ նրանք նշել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու որոշումը մարդասիրական քայլ էր:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեին՝ համանախագահները նշել են, որ ԼՂ-ն չճանաչված պետություն է, ուստի՝ իրենք չեն ճանաչի փետրվարի 20-ին կայանալիք հանրաքվեի արդյունքները: Համանախագահների խոսքով՝ հանրաքվեի արդյունքները չեն կարող կանխորոշիչ լինել ԼՂ վերջնական կարգավիճակի, ինչպես նաև բանակցային գործընթացի ելքի համար: Նշվում է, որ համանախագահների հաջորդ այցը տարածաշրջան կկայանա մարտին: